Իրանը պատժամիջոցներ է կիրառել Թրամփի և մի խումբ ամերիկյան պաշտոնյաների նկատմամբ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի և այդ երկրի քաղաքացիների նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողություններում ունեցած դերակատարության և մարդու իրավունքների խախտելու պատճառով, ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ենթարկվել են պատժամիջոցների: Այս մասին գրում է Pars Today-ը։
Սաիդ Խաթիբզադեն հավելել է, որ Իրանը, «Տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ու արկածախնդիր գործողությունների և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի օրենքի» գործադրման շրջանակներում, պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան մի խումբ պաշտոնյաների նկատմամբ:
Խաթիբզադեն հավելել է. «Պատժամիջոցների ենթարկված ամերիկյան պաշտոնյաների թվում են գործող նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ֆինանսների նախարար Սթիվեն Մենուչինը, ԿՀՎ տնօրեն Ջինա Հեսպելը, Իրանի գործողությունների խմբի նախկին ղեկավար և Պետդեպարտամենտի նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուքը, Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Էլիոթ Աբրասմը և ԱՄՆ-ի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի ղեկավար Անդրեա Գակին»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով, այս անձինք պատժամիջոցների են ենթարկվել այնպիսի հանցագործությունների համար, ինչպես Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության հրամանը, Իրանի դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների կազմակերպումը, ահաբեկչական խմբերին հովանավորելը, ֆինանսավորելը, զինելը և վարժեցնելը, պաղեստինցիների դեմ ուղղված հանցագործություններում և բռնաճնշումներում, ինչպես նաև նաև իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Սիոնսիտական ռեժիմին բազմակողմանի աջակացությունը։