Արցախում ստեղծված իրավիճակը քննարկվել է Ժոնաթան Լաքոտի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ Կառավարության նախաձեռնած ծրագրերը:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:
Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: