ՊԵԿ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հանդիսացել է ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ գրառումներին ու հայտարարություններին։
Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Պետական եկամուտների կոմիտեն, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը.
Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ:
Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, սակայն հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները ներկայացնում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019թ. հանդիսացել է հանրապետության ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան