Ճանապարհի ու երկաթգծի ապաշրջափակման հարցերով տեսակետներ ենք փոխանակել ռուսական կողմի հետ․ փոխվարչապետ
«Հունվարի 11-ի փաստաթղթից հետո ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական իր աղբյուրներին, գրեց, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորադիս-Բաքու և Դերբենդ ճանապարհից բացի նախատեսվում է ևս երկու ճանապարհ` ավտոճանապարհային և երկաթգծային։ Եղե՞լ է նման քննարկում»,- այսօր խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, նման հարց բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ «Կոմերսանտի» հրապարակումը կա՛մ ցանկություն է, կա՛մ՝ մտածելակերպ։
«Նման քննարկում չի եղել ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր։ Այո՛, այդ հարցի շուրջ մտքեր փոխանակվել են նաև ռուսական կողմի հետ, բայց որևէ կոնկրետ ուղղություն չի եղել։ Ավելի շատ քննարկվել է բոլոր ուղղություների հարցը։ Որևէ կոնկրետ ուղղության և ենթակառուցվածքի մասին խոսք չի եղել»,- նշեց նա։
Արձագանքելով՝ Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ այսինքն, հայկական կողմը չունի՞ որևէ կաշկանդվածություն՝ ամբողջությամբ օգտագործելու այն կոմունիկացիաները, որոնք եղել են խորհրդային տարիներին։
Ի պատասխան փոխվարչապետն ասաց. «Վստահ եմ, որ ինչ-որ պահի պատգամավորներն էլ կմասնակցեն ու կարծիք կհայտնեն մեզ։ Քննարկումները նոր են սկսվելու և՛ ուղղությունների, և՛ ենթակառուցվածքների մասով։ Այս պահին որևէ կոնկրետ ուղղություն չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 11-ի բանակցություններում խոսք չկա ՀՀ-Ղազախ-Թբիլիսի-ՌԴ ճանապարհի ապաշրջափակման մասին
- Արա Զոհրաբյան. Առանց չորս կետերի ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան