Որևէ տարաձայնություն չկա 17 ուժերի և ԲՀԿ-ի միջև. Շաքե Իսայան
«Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը, նա փորձում է պարտության և կապիտուլյացիայի պատասխանատվությունը դնել ընդդիմության կամ նախկինում ստորագրված փաստաթղթերի վրա»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ըստ պատգամավորի, երեկ տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանին թեև չեն տրվել կոնկրետ պատասխաններ, բայց եղել են եզրույթներ, որոնք պետք է ընդգծել։
Դրանցից մեկը, նրա խոսքով, այն էր, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել, սակայն նա որևէ անդրադարձ չի կատարել մարդկային կորուստներին։
«Իսկ հնարավո՞ր չէր ավելի քիչ մարդկային կորուստներով այդ պատերազմը կանգնեցնել, երբ մենք բոլորս էլ գիտենք, որ երկու անգամ եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու։ Այդ հնարավորություններից առաջինը եղել է պատերազմի մեկնարկից երկու օր հետո, իսկ մյուսը՝ հոկտեմբեր ամսին։ Եթե անգամ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր այս պատերազմը կանգնեցնել, ապա ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր»,- նկատեց նա։
Հինգ հազար զոհեր, հազարավոր վիրավորներ, հարյուրավոր գերիներ և անհետ կորածներ, 40 հազար տունը կորցրած արցախցիներ, և այս ամենի ֆոնին, Իվետա Տոնոյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է Շուշիի մասին խոսել ադրբեջանամետ տեսանկյունից, ինչը, սակայն, պատգամավորի կարծիքով, տարօրինակ չէ։
«Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է, ապա, չեմ կարծում, որ այլ ակնկալիք պետք է ունենալ այս իշխանություններից՝ Շուշիի և Արցախի հետ կապված դիրքորոշումներում, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը երեկ այդպես էլ չպատասխանեց՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞՝ ոչ»,- ասաց նա։
Լրացնելով գործընկերոջ խոսքը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ից հետո 3-4 անգամ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել։
«Սեպտեմբերի 29-ին, երբ ՌԴ Դումայի պատվիրակությունը պատրաստ էր գալ, ապա ԳՇ պետի՝ չորս օր անց արած հայտարարությունը, հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինի խոսքը։ Եվ այդ դեպքում Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ, ուղղակի ադրբեջանցի փախստականների վերադարձի պայմանով։ Թող մնար հայկական վերահսկողության տակ, հետո կորոշվեր՝ ո՞վ է գալիս, ո՞նց է գալիս։ Այդ դեպքում էլ հարց կդրվեր, թե հայ փախստականներն ուր պետք է գնան։ Եվ երկրորդ, երբ երեկ մենք հարցադրում արեցինք, որ հայտարարությունում հստակ ասված է՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են պայմանագրի կնքման պահին, բա ո՞նց եղավ, որ մենք տարածքներ ենք տալիս՝ բանավոր պայմանավորվածության արդյունքում, պատասխան չեղավ»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է «ՀՓՇ»-ի հետագա անելիքներին, և մամուլում առկա հրապարակումներին, թե «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է 17 ուժերից առանձին գործել, ապա ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը պատասխանեց, որ որևէ տարաձայնություն չկա 17 ուժերի և ԲՀԿ-ի միջև։
«Որևէ պառակտում չկա, և տարվա սկզբին հայտնել ենք, որ սկսվում են մարզային այցելությունները։ Մենք ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր ուժն ենք նաև, և բնական է, որ շարունակելու ենք գործունեություն ծավալել նաև խորհրդարանում, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, ինչից հետո պետք է հնարավորություն տրվի ՀՀ-ին՝ կայունացնել իրավիճակը և փորձել շտկել մեր կոտրված մեջքը»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին. Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել
- Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին․ Տիգրան Աբրահամյան
- Քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը․ «Լուսավոր Հայաստան»
- իրավական գործընթացներ են սկսվել իրավախախտում թույլ տված Սիսակ Գաբրիելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. ՀՓՇ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում