ՄԻԵԴ-ը մերժել է Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի հետ կապված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) անհիմն է ճանաչել Վրաստանի մեղադրանքները Ռուսաստանին՝ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է Ria-ն՝ հղում անելով ՌԴ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ այսօր՝ հունվարի 21-ին, հրապարակվել է ՄԻԵԴ Մեծ պալատի որոշումը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական գանգատի վերաբերյալ՝ կապված 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում իրադարձությունների և դրանց հետևանքների հետ:
«Ելնելով գործի շուրջ 12 տարվա քննության արդյունքներից` ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայով այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել վրացական բանակի կողմից 2008 թ. օգոստոսի 8-ից 12-ը ընկած ժամանակահատվածում ռուս զինծառայողների կողմից խաղաղապահ զորակազմի և տեղի քաղաքացիական բնակչության վրա հարձակումը հետ մղելու ընթացքում։ Նաև ՄԻԵԴ-ը չի աջակցել Վրաստանի իշխանությունների հայտարարություններին, իբր, 2008 թ. օգոստոսի 7-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից Հարավային Օսիայի տարածք ներխուժելու մասին, այսինքն` նախքան վրացի զինվորականների հարձակումը Ցխինվալ քաղաքի վրա», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Վրաստանը Ռուսաստանին մեղադրում էր օգոստոսյան պատերազմի գործով եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ խախտելու մեջ:
Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, դրանք են՝ կյանքի իրավունք, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում, ազատության և անվտանգության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք, սեփականության իրավունքներ և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան