Միաձայն կողմ են քվեարկել Բյուրականի աստղադիտարանը ԳԱԱ կազմում մնալուն
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի՝ երեկ տեղի ունեցած ընդհանուր ժողովում անցկացվել է քվեարկություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ բոլորը միաձայն նպատակահարմար են համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալը։
Աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման օրակարգի պատճառը Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նամակն էր ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին, որում նա առաջարկում է աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։ Պայմանավորված այդ նամակով՝ ՀՀ ԳԱԱ նախագահությունը դիմել էր ԲԱ աշխատակիցներին վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Նույնանման նամակով Հ. Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և աստղադիտարանի կոլեկտիվն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։
Ժողովի ժամանակ ներկայացվել է նամակը, ինչից հետո ԲԱ տնօրեն Ա. Միքայելյանը անդրադարձ է կատարել ԲԱ գործունեությանը, արդյունավետությանը, նվաճումներին և խնդիրներին։
Այնուհետև ելույթ են ունեցել աստղադիտարանի տասնից ավելի գիտաշխատողներ, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման անհիմն նամակներն ուղղված են գիտության քայքայմանն ու արժեզրկմանը, Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող ԲԱ թուլացմանը։ Ժողովի ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, ԲԱ գիտաշխատողները և մյուս աշխատակիցները հույս հայտնեցին, որ այս հարցը չի դառնա շահարկումների առարկա և կարժանանա համապատասխան գնահատականի։
«Բյուրականի աստղադիտարանն անկախ ներկա իրավիճակից շարունակելու է աշխատել իր բնականոն հունով՝ հանուն գիտության և ի շահ Հայաստանի»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան