Յոլա կգնանք այն գործիքակազմով, որ ունենք. Ջհանգիրյան
«Դուք ասացիք, որ իշխանությունները ջանք չեն գործադրել՝ անկախ դատական համակարգ ստեղծելու համար։ Որքանո՞վ եք վստահ, որ եթե գնաք ԲԴԽ, մենք կունենանք անկախ դատական մարմին»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին։
Ի պատասխան, Գագիկ Ջհանգիրյանը նախ նշեց, որ իր խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում։
«Լսելով Ձեր խոսքը, վախեցա, մտածեցի՝ մի՞թե ես այդպիսի բան եմ ասել։ Գիտե՞ք՝ արվել է։ «Դատական օրենսգիրքը» փոխվել է, բարեվարքության կանոններ են սահմանվել, հակակոռուպցիոն մարմինն աշխատում է։ Բայց երկար ժամանակ է պահանջվում։ Դուք տեսնո՞ւմ եք՝ արդարադատության խնդիրներն այսօր հրատապ լուծումներ են ուզում, ես չեմ ասում՝ ընդհանրապես բան չի արվել։ Ես ուղղակի ասում եմ, որ այսօրվա վիճակը պահանջում է, որ այդ լուծումներն ավելի օպերատիվ լինեն»,- նկատեց նա։
Ըստ ԲԴԽ անդամի թեկնածուի, դատական համակարգի խնդիրները միայն օրենքի հիման վրա կլուծվեն։
«Եթե դուք այդ օրենսդրական փոփոխություններն անեք, կլուծվի, չեք անի՝ յոլա կգնանք այն գործիքակազմով, որն ունենք։ Ես չեմ ունեցել դիտավորություն՝ ասելու, որ ոչինչ չի արվել»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Սոֆյա Հովսեփյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանն ունի երաշխիք, որ երբ գնա ԲԴԽ, օպերատիվ աշխատելու հնարավորություն կլինի։
Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատեց՝ երաշխիք բառն ինչ-որ երանգներ է պարունակում, որոնք ինքը դժվարանում է ճիշտ ընկալել.
«Ի՞նչ երաշխիք պիտի լինի։ Երաշխիքն այն է, որ ԱԺ-ն իր օրենսդրական նախաձեռնություններով փոփոխություններ կատարի օրենսգրքերում»։
Հարակից հրապարակումներ`
- Հարևանությամբ այնպիսի տներ կան, որոնց համեմատ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան
- Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ, որը մինչ օրս գործում է. Ջհանգիրյան
- ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին