Վրաստանը վերացնում է այլ երկրների հետ թռիչքների արգելքը
Վրաստանը վերացնում է արտաքին աշխարհի հետ կանոնավոր թռիչքների արգելքը, որը երկրում մտցվեց 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին գրում է Gazeta-ն։
Որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետին առընթեր միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղարկել կանոնավոր թռիչքների սահմանափակումները և թույլատրել բոլոր ավիաընկերություններին, որոնք նախկինում աշխատել են Վրաստանում կամ ցանկանում են աշխատել, կատարել իրենց գործը»,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը թույլ է տվել կորոնավիրուսի պատճառով երկրում հայտնված օտարերկրացիներին հեռանալ մինչև 2021-ի հուլիս: Խոսքը օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք օրինականորեն երկիր են ժամանել մինչև 2020 թ. մարտի 14-ը և համաճարակի ֆոնին սահմանափակումների պատճառով չեն կարողացել լքել պետությունը: