ԼՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը, քանի որ իշխանականները «կամք չունեցող» անձինք են և շարժվում են մեկ հոգու կամքով
«Իմաստ չունի մասնակցել մի նիստի, որտեղ որոշում կայացնող 82 պատգամավորները չունեն սեփական կարծիքը և առաջնորդվում են մեկ որոշմամբ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԼՀԿ-ն չի մասնակցում ԲԴԽ անդամի ընտրության հարցով արտահերթ նիստին։
Նա նշեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթին՝ այդպես ներկայացնելով իրենց քաղաքական կարծիքը։ Ըստ պատգամավորի, քանի որ իշխանության ներկայացուցիչները «կամք չունեցող» անձինք են, և առաջնորդվում են բացառապես մեկ անձի կամքով, իրենք որևէ հույս չունեն, որ այդ մարդկանց որոշումների վրա կարող են ազդել՝ մասնակցելով նիստին։
«Նախագծերի քննարկմանը մասնակցում ենք, իսկ այսպիսի հարցերում արդեն փորձ ունենք»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ անգամ այս դեպքում է ԼՀԿ-ն շարունակում Նիկոլ Փաշինյանին դիմել «պարոն վարչապետ»-ով, Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ի՞նչ է, չպիտի՞ ասենք պարոն վարչապետ»։
Ապա, երբ լրագրողները հստակեցրին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը հեգնանքով է խոսում ընդդիմադիրների հետ, ԼՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, ասելով, որ այդ ամենը պետք է հասարակությունը տեսնի և կարծիք կազմի։
«Եթե իշխանությունները քարոզում են ատելություն, մարդկային ցածր որակներ, ապա դա իրենց բեռն է, և պատմությունը դա նրանց առջև բերելու է։ Իսկ մենք առաջնորդվում ենք պարկեշտ քաղաքական գործչի վարքագծով։ Եթե իշխանությունները որոշել են, որ առաջնահերթը ագրեսիան է, ապա պատմության դատաստանի առջև նրանք կկանգնեն»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը, ապա Տարոն Սիմոնյանն ասաց, որ վերջինս լավ մասնագետ է, իրավագիտության բնագավառում ավանդ ունի։
«Մասնագիտական առումով մենք խնդիր չունենք իր հետ կապված, բայց ունենք քաղաքական որոշում և չենք մասնակցում այս ընտրությանը»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, ընդդիմությունը պետք է որևէ կերպ մասնակից դառնա դատաիրավական բարեփոխումներին, այլ ոչ՝ անտեսվի։
«Հասկացանք, որ փոքրամասնություն է ընդդիմությունը։ Բայց Մովսես Խորենացու խոսքը հիշենք՝ «Թեկուզ մենք փոքր ածու ենք..., բայց մեր մեջ էլ կան մարդիկ, որոնց կարծիքը պետք է հաշվի առնել»։ Մենք նախորդ տարի պայմանավորվածություն ունեցանք, որ ԲԴԽ անդամի մի թեկնածուին ընդդիմությունն առաջադրի, մյուսին՝ իշխանությունը։ Բայց այդ պայմանավորվածությունն իշխանության կողմից խախտվեց։ Մենք ունեինք մեր թեկնածուին, բայց իշխանությունը մերժեց»,- մեկնաբանեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն քննարկում է Գագիկ Ջհանգիրյանին՝ որպես ԲԴԽ անդամ ընտրելու հարցը
- «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
- Մեր բոլոր հարցերին հիմնականում Ջհանգիրյանը տվել է սպառիչ և անկեղծ պատասխաններ. Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին