Սերժ Ավետիքյանը հիշեց՝ այն ժամանակ «Ցեկա»-ի, իսկ այսօրվա ԱԺ շենքին հոգեբուժարան էին ասում
Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Հայաստանում իրականացնելու է դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի ծրագիրը: Դասընթացները կկազմակերպվեն Երևանում, բայց կարող են լինել նաև արտագնա արվեստանոցներ Գյումրիում կամ Վանաձորում, եթե լինի պահանջարկ: Նպատակն է առաջարկել վեցամսյա դասընթաց, որը ամեն ամիս 10 օր շարունակ, օրական 4 ժամ տևողությամբ կվարեն Սերժ Ավետիքյանի կողմից ընտրված ֆրանսիացի մասնագետները։ Ծրագրի մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում ասաց ռեժիսոր Սերժ Ավետիքյանը:
Նա նշեց, որ արվեստանոցի պարապմունքները կլինեն հայերեն կամ ֆրանսերեն լեզուներով՝ ըստ մասնակիցների նախընտրությունների, այսինքն ոչ միայն դերասանություն, բեմադրություն է դասավանդվելու, նաև ուզում են, որ մասնակցելու ցանկություն ունեցող անձանց մոտ խթանեն ֆրանսերենի ուսուցումը:
Ռեժիսորի խոսքով, հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ շատ են խոսել նման ծրագիր իրականացնելու մասին:
Արվեստանոցում տասնօրյա դասախոսություններով հանդես կգան ֆրանսիացի մասնագետներ։
Արվեստանոցի առաջին երկու շաբաթների պարապմունքները կվարի Սերժ Ավետիկյանը «Դերասանի արվեստը թատրոնում և կինոյում՝ տեքստից անդին․ մարմին և ժեստ» թեմայով (երկլեզու)։
Պիեռ Պրադինասը կվարի դասընթաց՝ նվիրված թատերական դերասանի «ներքին ծաղրածուի» թեմային, թեմա, որ հիմնված է թատերախմբում իր երկարամյա աշխատանքային փորձի վրա (համաժամանակյա թարգմանությամբ)։ Երբ նա Լիմոժի Ազգային դրամատիկական կենտրոնի տնօրենն էր, ստեղծեց դրամատիկական արվեստի դպրոց։
Արիան Ասքարիդը և Ռոբեր Գեդիկյանը կշարունակեն։ Նրանց թեմաները կլինեն «Թատրոնի դերասանը՝ կոչված ծառայելու տեքստին», «Կինոդերասաններով միասին աշխատելու, բայց ի նպաստ խմբի՝ անհատականությունը պահպանելու համոզմունքը» (համաժամանակյա թարգմանությամբ)։
Ստեֆան Բրաունշվեյգը և Քլոե Ռեժոնը կվարեն դասընթաց արդի թատրոնի բազմազան աշխարհների և թատերախաղում դերասանի ստեղծագործական աշխատանքի նշանակության մասին (համաժամանակյա թարգմանությամբ)։ Ստեֆանը ներկայումս Փարիզի Օդեոն թատրոնի տնօրենն է, Քլոեն դերասանուհի է։
Սիմոն Աբգարյանը և Կատրին Շոբը դասընթաց կվարեն տարբեր մշակույթներում թատերական տարբեր մոտեցումների մասին՝ Հունաստանից Արևելք և այսօրվա Եվրոպա, դերասանների կառավարում և պարեր (համաժամանակյա թարգմանությամբ)։
Տարբեր բարեգործական կազմակերպությունների և մշակութային հիմնարկների կողմից կառաջարկվեն կրթաթոշակներ։ Դասընթացի լավագույն մասնակիցներին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կառաջարկի մասնագիտական պրակտիկա Ֆրանսիայում։
Ծրագրի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և Ազնավուր հիմնադրամը :
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության համագործակացության և մշակութային հարցերի խորհրդական Գիյոմ Նարժոլեն ասաց, որ նախատեսում են Սերժ Ավետիքյանի հետ նաև այլ ծրագրեր իրագործել:
Խոսելով դեսպանության մշակութային ծրագրերի մասին, նա նշեց, որ ծրագրում են կազմակերպել ֆիլմերի փառատոն, լուսանկարչական ցուցադրության նախագիծ ունեն, գարնան վերջին կներկայացնեն ժամանակակաից կրկեսի ծրագիր:
Սերժ Ավետիքյանն ասուլիսի ընթացքում մի պատություն ներկայացրեց Երևանում անցկացրած իր մանկության տարիներից. «Ես ապրում էի Աջափնյակում: Ամեն օր նստում էի 12 համարի ավտոբուսը, որպեսզի հասնեմ կայարանի մոտ գտնվող 119 ֆրանսիական թեքումով դպրոցը: Այդ ավտոբուսն անցնում էր Բաղրամյան պողոտայով, մի շենքի դիմացով, որն այսօրվա Ազգային ժողովն է, իսկ այն ժամանակ «Ցեկա»-ն էին ասում:
Ավտոբուսում մի մարդ կար, երբ ամեն անգամ այդ շենքի մոտով անցնում էինք, կանգնում և ասում էր՝ ձեր աջ կողմում գտնվում է հոգեբուժարանը…
Ես չգիտեմ՝ փոխվե՞լ է այդ շենքն այսօր, բայց գիտեմ, որ մենք ենք ընտրում խենթերին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա