Ադրբեջանցիներից ու կրակից փրկված ոչխարներն ապահով Երևանում շների բաժին դարձան
Ազգությամբ եզդի Սամվել Քոչարյանը մեկ գիշերվա մեջ զրկվել է ունեցվածքից, ակնկալվող եկամուտից։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Հաղթանակ թաղամասի սկզբնամասում թափառող շների ոհմակը մտել է անասնագոմ ու հոշոտել բոլոր 206 հղի, նոր ծննդաբերած ոչխարներին, նորածին գառնուկներին։
«Հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 7-ին գոմի հարևանությամբ ապրողը զանգել է հորեղբորս, ասել է՝ շները գոմի մեջ են, ոչխարներն էլ աջ ու ձախ թափած են։ Հորեղբայրս վազելով գալիս է, տեսնում է՝ շները մեջն են։ Բոլոր ոչխարները հոշոտված են եղել, 4-5-ը՝ վիրավոր»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է ունեզրկված քաղաքացին։
Վիրավոր ոչխարներն էլ են սատկել, մնացել է մեկը։ Հույս չկա, որ այդ մեկն էլ կապրի։ Ութ տարեկանից անասնապահությամբ զբաղվող Սամվելն այժմ տեղը չի գտնում։ Ոչխարները պարտքով նրան էր տվել Սյունիքի Տեղ գյուղի ծանոթներից մեկը պատերազմի օրերին, երբ հայտնի չէր, թե ինչով կավարտվի պատերազմը։ Որպեսզի իր պահած անասունները թշնամու ձեռքում ու նրա կրակի տակ չհայտնվեն, սյունեցին իր կենդանիներին պարտքով վաճառում է Սամվելին։ Ապահով Երևանում սյունեցու պահած ոչխարները շների բաժին են դարձել։
«Այդ մարդն իմացել է, զանգել է։ Իր վիճակն իմ վիճակից վատ է։ Ասում է՝ ես ի՞նչ եղավ։ Բայց դե ես պարտավորություն եմ ստանձնել, պետք է մեկ ամսում վճարեմ նրա 10 մլն դրամի պարտքը»,- ասում է անասնապահը։
Սամվելը հույս ուներ՝ ոչխարները կծնեն, մայրերին կվաճառի, պարտքը կմարի, ձագերին էլ կմեծացնի, նորից կբազմանան։
«Այդ 10 մլն դրամի մեջ ներառված չէ ճանապարհածախսը։ Ես մեքենաներ եմ վարձել, 6-700 հազար դրամ էլ դրա համար ծախսել։ Դրան գումարած անասնակեր։ Դե իմ քրտինքն էլ ջհանդամը»,- շների պատճառած վնասները թվարկում է տուժած քաղաքացին։
Հորեղբայրը դեպքի վայր ժամանելու պահին հաշվել է՝ երկու շուն գոմից դուրս եկան, ութն էլ դեռ մեջն էին։ Ստեղծված իրավիճակում, ըստ Սամվելի, մեղավոր է Երևանի քաղաքապետարանը։ Տարածքում թափառող շների մասին թե Սամվելը, թե գոմի հարևանությամբ ապրողները դիմել են թաղապետարան, բայց ինչպես տեսնում եք, խնդրին լուծում չի տրվել։
«Մենք ասել ենք՝ շները վնաս են տալիս։ Սրանից երևի 20 օր կամ մի ամիս առաջ հարևանն էր դիմել։ Եկել տարել են։ Ականջներին էդ նշանը խփել են, հետ են բերել։ Տարբերություն չկա։ Ասում են՝ ստերջացրել են, դրանից հետո ձագ չեն ունենա, բայց վտանգ տալիս են։ Հոպարս էլ է դիմել, եկել են, տարել են, ստերջացրել են, բերել են, բաց են թողել նույն տեղում։ Հորդորով, խնդրանքով դիմեցի բոլոր մարմիններին, բայց տեսա, ոչ մեկին էլ չի հետաքրքրում, ամեն ինչ անելու եմ, պետք է օգնեն, ես 10 մլն պարտքը վերադարձնեմ, քիչ գումար չի»,-նշում է Սամվելը։
Ծանր դեպքից հետո էլ քաղաքացին միայնակ է մնացալ իր խնդրի հետ։ Զանգահարել է քաղաքապետարան, ԱԻՆ, խնդրել անասունների մարմինները հեռացնել տարածքից, հոտ է տարածվում։
«Էգուց մյուս օր սա խոլերայի, ժանտախտի բուն է դառնալու։ Զանգել են՝ ասում են, դեռ չգիտենք, կարող է գելի արած լինի։ Ես էլ ասում եմ, եկեք տանենք էքսպերտիզայի, տեսնենք՝ շնե՞րն են արել, թե գայլը, կարող է ես եմ դրել դանակով կտրտել։ Ախր ոչ մի բան չեն անում, իրոք, այսպես չի կարելի»,-պետական մարմինների անգործությունից բարկանում է Սամվելը։
Նրա խոսքով, շներից մեկը կամ մի քանիսը կարողացել են ներս մտնել դռան վերևի հատվածում առկա բաց մասից։ Ներսում սկսած կոտորածից վնասվել ու բացվել է դուռը, ինչի հետևանքով գոմ են ներխուժել նաև մյուս շները։
Հարևանը տեսածն այսօր ներկայացրել է ոստիկանության քննիչներին։ Սամվելն ասում է, շներն այլևս այդտեղից չեն հեռանա, արյան համը բերաններն է ընկել։
«Հիմա տեսեք, մեկ ժամվա ծնված գառ է, պորտը թաց-թաց էր։ Անցած տարի ասեցի՝ գյուլեմ էդ շներին, ինձ ասեցին, դատ կհասնի։ Մարդ վախենում է խփի, սպանի, չսպանի էլ, գալիս են, վնաս են տալիս։ Հա ինչքա՞ն կարելի է։ Աբսուրդ է էս ամեն ինչը։ Նայում ես՝ հունվարի 18-ին ունեի 10 մլն դրամի ապրանք, նայում ես էսօր՝ ունեմ 10 մլն դրամի պարտք»,- տեղը չի գտնում մի գիշերում ունեցվածքից զրկված Սամվելը։
Նա նշում է՝ հետևողական է լինելու իր խնդրի բարձրաձայնման, պատճառված վնասի փոխհատուցում ստանալու հարցում։
Panorama.am-ի լուսանկարիչն այսօր էլ այդ հասցեում բազմաթիվ շներ է տեսել ու լուսանկարել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան