Ժամանակը վաղուց է տվել Առնո Բաբաջանյանի գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը
Այսօր՝ հունվարի 22-ին, լրացավ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հոբելյանի առթիվ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մտավորականների, արվեստագետների, երաժշտասեր հանրության հետ այցելել են Երևանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել կոմպոզիտորի հիշատակին:
Այնուհետև նախարարը գերատեսչության աշխատակիցների, արվեստագետների, բաբաջանյանական արվեստի երկրպագուների հետ կոմպոզիտորի առինքնող ստեղծագործությունների ելևէջների ներքո ծաղիկներ է խոնարհել Առնո Բաբաջանյանի արձանի մոտ:
«Այսօր մենք տոնում ենք մեր մեծանուն կոմպոզիտորի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Դժվար է նոր խոսք ասել Առնո Բաբաջանյանի մասին, քանի որ ժամանակը վաղուց է տվել նրա գնահատականը, և ինքը՝ ժողովուրդն է արժևորել նրա վաստակը։ Բաբաջանյանը մեր սերնդի համար եղել է ու կա որպես կենսագրություն։ Մեր երիտասարդությունը, հիշողությունները, ապրումներն այս կամ այն չափով առնչվում ու զուգորդվում են նրա արվեստին։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները վերածվել են լավատեսության, սիրո, քաղաքային կյանքի խորհրդանիշերի։ Դժվար է, օրինակ, պատկերացնել Երևանն առանց Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» և «Երևան» ստեղծագործությունների»,- նշել է նախարարը ու հավելել, որ մեր դժվարին օրերում Բաբաջանյանի արվեստը պետք է հնչի ամենուր և ավելի մեծ ուժով՝ վերականգնելու համար մեր լավատեսությունը, ապրելու և արարելու մեր կամքը։
Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ ձևավորվում է Առնո Բաբաջանյանի հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով, որի նպատակն է պատշաճ տոնել կոմպոզիտորի հոբելյանը, նոր շունչ հաղորդել նրա արվեստի տարածմանը Հայաստանում և արտասահմանում։
Առնո Բաբաջանյանի մեծարման և գնահատանքի խոսքով հանդես են եկել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և այլք: Հանդիսության ընթացքում կոմպոզիտորի որդին` Արա Բաբաջանյանը, տեսաուղերձով ողջունեց մասնակիցներին և կարևորեց պետական մակարդակով անվանի արվեստագետի հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացումը:
Հոբելյանական օրվա առիթով Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում հնչել են կոմպոզիտորի «Վոկալիզը» (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան), «Նոկտյուրնը» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյան), «Մեղեդին» («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արթուր Գրիգորյան), «Երախտապարտ եմ քեզ» («Благодарю тебя») երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան):
Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին: Երեկոյին հանդես կգան ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Ծրագրում. Առնո Բաբաջանյան՝ «Վեց պատկեր» դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար:
Հարակից հրապարակումներ`
- Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
- Համերգ և հարգանքի տուրք՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
- Առնո Բաբաջանյան -100․ հոբելյանական տարվա մեկնարկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին