«Հրապարակ». Պատերազմից հետո չի դիմացել` ազատվել է աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, ով նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո և վերջինիս առաջարկով։ Ս
ակայն ընդդիմադիր հայացքներով նախկին փոխնախարարը, կարծես թե, չի կարողացել հարմարվել Փաշինյանի մոլի թիմակցի հետ աշխատանքին։ Իսկ պատերազմից հետո՝ առավել ևս, չի ցանկացել մնալ և աշխատել այդ թիմում։ Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները և առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։
Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ազատվել աշխատանքից, երբ ընդամենը հինգ ամիս առաջ էիք նշանակվել, Հարությունյանն ասաց․ «Ես իմ սկզբունքայնությունը պահում եմ ու կպահեմ մինչև վերջ»։ Ինչ-որ խնդի՞ր է եղել սկզբունքների հետ կապված, քաղաքական հայացքների անհամաձայնությո՞ւն է եղել։ «Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ»,- ասաց Աշոտ Հարությունյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում