«Այն, ինչ հիմա տեսնում ենք, դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար»
«Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների պատրաստ է հարաբերություններ հաստատելուն, բայց այդ հայտարարություններն ու պատրաստակամությունը հենված է եղել արժանապատվության, դիվանագիտական երկարատև բանակցությունների պրոցեսների վրա»,- ասուլիսում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, այն, ինչին ձգտում էին հասնել՝ Հայաստան-Թուրքիան հարաբերությունների կարգավորմանը, ենթադրում էր դիվանագիտական աշխատանք, երկու երկրների փոխադարձ շփման հիման վրա ինչ-որ հանգրավանի հասնել։
«Այն, ինչ հիմա տեսնում ենք, ոչ թե դիվանագիտական ջանքերի արդյունք է, ոչ թե երկարատև պրոցեսի տրամաբանական հանգուցալուծում է, այլ դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար, մեր առջև ծառացած նոր վտանգ է, Թուրքիայի կողմից հրապարակ նետված նոր սպառնալիք է։ Պատկերավոր այսպես ներկայացնեմ՝ «երեխայի ծնունդ, որը եղել է բռնաբարության հետևանքով»։
Այսինքն, Արցախի օկուպացիայի հետևանքով ագրեսոր մեկ այլ պետություն՝ Թուրքիան, հիմա էլ առաջարկում է մեկ այլ սպառնալիք՝ սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում:
Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է այլ փաթեթավորմամբ, այսիքնքն փափուկ ուժի միջոցով Հայաստանի դեմ թշնամական քաղաքականության շարունակություն, իսկ դրա վտանգները կարող է լինել տնտեսական, իրավական, գյուղատնտեսական և այլն։ Սա մեր պետության համար բացում է վտանգների արկղ, որին մեր պետությունը պատրաստ չէ։
Իսկ այդ ամենն իշխանության կողմից դրական լույսի ներքո ներկայացնելը՝ ինքնախաբեություն է»,- ասաց թուրքագետը:
Ռ. Մելքոնյանի խոսքով, թուրք-ադրբեջանական, հատկապես ադրբեջանական իշխանության համար ամենամեծ վտանգը հայկական կողմից ռևանշն է. «Ադրբեջանում վախ կա, Ալիևն ասում է՝ չփորձեք հայկական բանակը վերականգնել, չփորձեք ռևանշի քայլեր անել: Ալիևն էլ տխմար, տգետ մտածողության կրող է և ցույց է տալիս այն վախերը, որոնք կան իրենց հոգու խորքում»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հենվելով փաստերի վրա, հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել անգամ խորհրդային շրջանում, երբ հայերն ու ադրբեջանցիները նույն պետության քաղաքացիներ էին։
Թուրքագետի խոսքով, Հայաստանի դեմ թուրքական քայլերը հենված են գործակալական ցանցի վրա՝ գիտակցված գործակալ դարձածներ, գրանտներ, թուրքական շահերն անուղղակի սպասարկողներ. «Այսինքն թշնամին վաղուց մեր ներսում է, հավաքվել էր այն բոլոր հնարավոր հիմքերը մեր դեմ քայլեր անելու համար։ Այն, ինչ արվեց ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա հենված է եղել մեր ներսի թուրքերի հետ համագործակցության վրա»։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի գործակալ լինելու հայտարարությանը, նրա կարծիքով, հանգամանքը հերքելը կամ ապացուցելն անհնարինության շարքից է։
«Լուրջ մեղադրանք է հնչել ու դրանից առաջ էլ այս երկրում լուրջ մեղադրանքներ են հնչել, բայց որևէ մեկը որևէ ընթացք չի ունեցել մինչ այս պահը: Դրանից կարող ենք եզրակացնել, որ որդեգրված է մի ոճ, որ ուղղակի անտեսում են լուրջ մեղադրանքները», - նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ գործակալ լինելու լուրերի մասին.«Ես արդեն խոսել եմ»
- Գոգյան. Գործակալները շատ են
- Ամբողջ իշխանությունը լցված է օտարերկրյա գործակալներով. Արագած Ախոյան
- Իսագուլյան. ԱԺ-ում այսօր առաջինը պետք է քննարկեին Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին հայտարարությունը
- Իրավաբան. «Մեծ» գործակալի փոքրիկ օգնականները
- Միքայել Մինասյան. Requiem/8. Փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին