«Փաստ». Իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում քաղաքական գործընթացները շարունակում են զարգանալ երկրաչափական պրոգրեսիային համարժեք, և գրեթե ամեն օր մի նոր «ռասկլադ» է ի հայտ գալիս։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ գործող իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում։ Բանն այն է, որ դատական համակարգը ներկայումս իշխանության փաստացի միակ ճյուղն է, որը որոշակի ինքնուրույնություն ունի և մեծամասամբ չի կատարում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրահանգները (մի քանի մասնակի բացառություններով)։
Սա բնականաբար, նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից ձգտում է իրեն ենթարկել նաև այս համակարգը: Դատարանների շրջափակումը՝ վառ ապացույց: Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունը հիմա շատ արագ փորձում է «ծնկի բերել» նաև դատական համակարգը, որպեսզի առաջիկայում ներքաղաքական գործընթացներում հանգիստ լինի, իսկ դատարանների կողմից «անակնկալներ» չմատուցվեն։
Հենց դրանով էր պայմանավորված նախօրեին ԱԺ-ում հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քաղաքական մեծամասնությունը՝ առանց ընդդիմության մասնակցության, ԲԴԽ անդամ «նշանակեց» նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և կարկառուն սորոսական Դավիթ Խաչատուրյանին, որն, ի դեպ, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրն է»։