Բարեկենդան առաջավորաց պահքի
Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Առաջավորաց պահքի բարեկենդանը, որը պահքի սկիզբն է: Այս տարի Առաջավորաց պահք սկսվում է հունվարի 25-ից։
Ըստ Qahana.am-ի, Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել:
Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք:
Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։
Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։
«Բարեկենդանը պահքի շրջանին նախորդող ուրախության օր է: Այն դրախտի փափկության օրինակն է: Բարեկենդանը մեզ հիշեցնում է այն իրական երջանկությունը, որն Ադամն ու Եվան Աստծո ներկայությամբ ունեին դրախտում: Հետևաբար, պահքը մի ճանապարհ է ձգտելու հասնել այդ իրական երջանկությանը և ապրել Աստծո ներկայությամբ»,- նշված է surbzoravor.am-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում