Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը։
Qahana.am-ը գրում է, որ Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:
Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած:
Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»:
Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:
Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը 431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը: