Եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ. Արշալույս Հարությունյան
Հունվարի 28-ին տեղի կունենա «Հարսանիք թիկունքում» ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի երևանյան առաջին ցուցադրությունը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր դեռ նախորդ տարի՝ ապրիլի 2-ին. «Սկսվեց համաճարակը, ու որոշեցինք 2021-ի ապրիլին անել պրեմիերան, բայց վերջին իրադարձություններից հետո հապաղելու կարիք չկար, հիմա ճիշտ ժամանակն է: Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով:
Որոշում կայացրինք այս ֆիլմը նվիրել հայ զինվորին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Վերջինիս խոսքով՝ դժվար էր ստանձնել արդեն ստացված աշխատանքի ռեժիսորի պարտականությունները, սակայն չէր կարող մերժել իր հարազատ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջարկը:
«Շատ կարևորեցի հարազատ թատրոնիս հետ աշխատելու հնարավորությունը: Ինչպես նաև բեմադրող Լյուդվիգ Հարությունյանը, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանը և պրոդյուսեր Արման Միտոյանն իմ ընկերներն են, չէի կարող մերժել նրանց: Հրաշալի աշխատանքային մթնոլորտ ենք ունեցել, դերասանական կազմը չէր փոխվել, այս անգամ խուսափել եմ փոփոխություններից: Կարող եմ փաստել, որ իմ հարազատ թատրոնում ֆանտաստիկ լավ դերասանների հետ աշխատելուց հաճույք եմ ստացել, նաև շատ հուզվել եմ, նույնիսկ արտասվել եմ նկարահանման ժամանակ, եղել են դրվագներ, որ մի քանի անգամ ենք նկարահանել, և ես ամեն անգամ էլ արտասվել եմ: Զգացմունքային մարդը չի կարող այս գործին այլ ձևով մոտենալ»:
Թեպետ դերասանական կազմը չի փոխվել (ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյան, Տարոն Գրիգորյան, Արսեն Սաղաթելյան, Ջեմմա Ադամյան և այլք), սակայն փոփոխություններ եղել են, միաժամանակ, ստեղծագործական թիմը փորձել է պահպանել ներկայացման մթնոլորտը և էներգետիկան:
Արշալույս Հարությունյանը հպարտությամբ նշում է, որ իրենց թիմը դիմել է մի փորձի, որը մինչ այդ Հայաստանում չէր արվել. «Բոլորիս համար առաջնային խնդիր էր ոչ թե փոփոխություն մտցնելը, այլ այնպես անելը, որ ներկայացման էներգետիկան, հուզականությունը, ոգին չկորցնենք: Մենք հնարավորություն ունեինք Գյումրիում որևէ հարմար տուն, բակ գտնելու և այնտեղ նկարահանելու, ավելի կինոյի լեզվին հատուկ ձևով դա անելու: Սակայն որոշեցինք անել մի բան, որը նախկինում Հայաստանում երբևէ չէր արվել՝ թատրոնի բեմում նկարահանել ֆիլմ: Բոլորիս համար էլ էքսպերիմենտ էր, նման ձևաչափով ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել: Նրանք, ովքեր արդեն դիտել են ներկայացումը, փոփոխություններ կտեսնեն, որովհետև էներգետիկ դաշտն այլ է, կարծում եմ՝ հետաքրքրությամբ կդիտեն: Նրանք, ովքեր չեն դիտել և առաջինը ֆիլմը կդիտեն, կարծում եմ, նույն հաճույքով կդիտեն ներկայացումը, կարծում եմ, որ միմյանց չեն խանգարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան