Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. Արմեն Աշոտյան
«Պատերազմը հասունացրել, իր այս խորությամբ, դաժանությամբ, տևողությամբ հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը, թե անվտանգային, թե ռազմական, թե արտաքին քաղաքական բազմաթիվ, վստահ եմ, դիտավորյալ գործած սխալներով»,- մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հավելեց, որ Փաշինյանը դիտավորյալ կերպով 2,5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային:
Նրա խոսքով, պատերազմից առաջ, սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը բացահայտել էր Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրանքներ, որոնք ուղղված էին 2018-ին սահմանին չկրակելուն, որը վերջինս հիմնավորել էր նրանով, որ սահմանին հանգիստ լինելով ինքը կկարողանա լուծել քաղաքական ընդդիմախոսների՝ մասնավորապես ՀՀԿ-ի հարցերը:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությամբ, այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու համար:
Ըստ բանախոսի, 2018 թվականին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, և ինքը այդ տարվա մայիսի 1-ի նիստում հայտարարել է, որ չի ընտրում Հայաստանի կործանումը կամ ՀՀ վերջին վարչապետին, որը իրականություն դարձավ:
Աշոտյանը հիշեցրեց, որ ապրիլի 24-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը որևէ կծու, թթու խոսք չէր ասել Թուրքիային, չէր դատապարտել մերժողականությունը, նաև չի խոսել Ցեղասպանության մասին միջազգային ամբիոններից:
ՀՀԿ փոխնախագահը հայտարարելով, որ Փաշինյանը Թուրքիային հրավիրեց տարածաշրջան՝ եզրակացրեց. «Այսինքն՝ ուղեգիրը դեպի արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից»:
Անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին շրջանառվող լուրին՝ Արմեն Աշոտյանը հայտնեց, որ նա մշտապես եղել է ամերիկյան ազդեցության գործակալ, բայց այդ հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն:
«Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին ձեռքբերումը նա է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Այդ իմաստով, զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարևոր երկրում դեսպան»,- հայտնեց Աշոտյանը և հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու:
Նրա խոսքով, Մակունից մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով:
Արմեն Աշոտյանը հայտնեց, որ Մակունցի հնարավոր նշանակումը փաստում է՝ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ:
«Այսինքն, Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Դա Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում