Շոտլանդիան մտադիր է հասնել անկախության նոր հանրաքվեի
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է հասնել անկախության նոր հանրաքվեի: Ըստ կիրակի հրապարակված հարցման, հանրաքվեին աջակցում է շոտլանդացի ընտրողների մեծամասնությունը: Այս մասին գրում է Euronews-ը։
«Հանրաքվեն շոտլանդացիներին ընտրության իրավունք կտա: Սա ժողովրդավարություն է», - ասել է Սթերջենը։
Այս տարվա մայիսին Միացյալ Թագավորության այս ինքնավար վարչա-քաղաքական մասում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Եթե Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Սթերջենի գլխավորությամբ, ստանա ընտրողների մեծամասնության աջակցությունը, այն կկարողանա կրկին բարձրացնել հանրաքվե կազմակերպելու հարցը՝ անկախ Լոնդոնի դիրքորոշումից:
Ավելի վաղ Սթերջենը հասկացրել էր, որ եթե մի օր Շոտլանդիան անկախանա, կկարողանա անդամակցել Եվրամիությանը: Brexit-ի հանրաքվեում շոտլանդացիների մեծամասնությունը դեմ էր քվեարկել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության վերջին հանրաքվեն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին, որի արդյունքներով ընտրողների 55% -ը նշել էր, որ ցանկանում է մնալ Միացյալ Թագավորությունում: