Հայազգի վիրաբույժի ղեկավարությամբ Ֆրանսիայում բարեհաջող իրականացվել է եզակի վիրահատություն
Ֆրանսիայի Լիոն քաղաքում աշխարհում առաջին անգամ բարեհաջող իրականացվել է ուսից սկսող 2 ձեռքի փոխպատվաստում: Վիրահատությունը կայացել է հունվարի 13-ին, տևել է 15 ժամ, որի համար մոբիլիզացվել է չորս բժշկական բրիգադ, վիրահատության նախապատրաստմանը մասնակցել է 50 աշխատակից: Բժիշկները հունվարի 22-ին հրապարակել են կադրեր վիրահատությունից։
Եվրանյուզը հայտնում է, որ վիրահատությունը ղեկավարել է պրոֆեսոր Արամ Ղազարյանը։
Պացիենտը 48-ամյա իսլանդացի Ֆելիքս Գրետարսոնն էր, որը կորցրել էր վերջույթները 20 տարի առաջ հոսանքի հարվածից։ Այս ընթացքում նա արդեն տասնյակ վիրահատությունների է ենթարկվել: Տղամարդը տեղափոխվել է Լիոն 2013 թվականին նրա՝ փոխպատվաստման դիմումը հաստատելուց հետո: Մի քանի տարի է պահանջվել դոնոր գտնելու համար:
Բժիշկները հայտնում են, որ վիրահատությունից հետո տղամարդը լավ է վերականգնվում:
Վիրաբույժ Արամ Ղազարյանի խոսքով, եթե տղամարդը կարողանա վերականգնել արմունկը ծալելու կարողությունը, նրա կյանքում շատ բան կփոխվի: