Հայ ռազմագերիների վերադարձի հարցն առաջարկվել է ներառել այսօր մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որն անցկացվելու է հիբրիդային տարբերակով՝ հունվարի 25-ից 28-ը, թույլ տալով անդամներին հեռակա մասնակցել կամ անձամբ ներկա լինել Ստրասբուրգում:
Վեհաժողովը կքննարկի COVID-19 պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումները: Բանավեճի ընթացքում խորհրդարանականներին կդիմի ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Վեհաժողովին ներկայացվել է նաև ընթացիկ հարցերի բանավեճի երեք դիմումներ՝
- «Ուկրաինայում ռուսերեն և այլ ազգային փոքրամասնությունների լեզուների արգելում»
- «Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենադարձության անհիմն ձգձգումը` որպես Մարդու իրավունքների եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»
- «Ղրիմի ժամանակավոր գրավված Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների փաստացի իրավիճակը՝ «Կովիդ -19» համաճարակների ժամանակ»:
Վեհաժողովին առաջարկվել է օրակարգում ներառել հրատապ քննարկման երեք թեմաներ՝
- «Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը 2021 թվականի հունվարին»
- «Բելառուսում իրավիճակի վատթարացումը»
- «Խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված) «Big Tech» ընկերությունների կողմից սպառնալիքի տակ»:
Օրակարգի այլ թեմաներն են ԵԽ անդամ երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, քրոնիկ և երկարատև հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ խտրականությունը:
Նստաշրջանի ընթացքում վեհաժողովը կընտրի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալին, վեհաժողովի գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի և Շվեյցարիայի դատավորներին: Այս ընտրություններն անցկացվելու են անհատական էլեկտրոնային քվեարկությամբ:
Արդարադատության ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը կդիմի Վեհաժողովի անդամներին և կպատասխանի նրանց հարցերին, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը (Նախարարների կոմիտեում Գերմանիայի նախագահության շրջանակներում) և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Քննարկումներ կլինեն նաև Լեհաստանում և Մոլդովայի Հանրապետությունում դատավորների անկախության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ:
Կքննարկվի նաև Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը: Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կորոշի նստաշրջանի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան