Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն․ ԱԳՆ
Հունվարի 25-ին Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ համագործակցությամբ։
«Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։
Դեռևս նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։
Հիշեցնենք, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300.000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով»,-նշած է հաղորդագրությունում: