ԱՄՆ-ում հրաձգության արդյունքում հինգ մարդ է զոհվել, որից մեկը հղի կին է եղել
Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է NBC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 04:00-ին քաղաքի հյուսիսարևելյան հատվածում ոստիկանությունը հրազենային վնասվածքներով հայտնաբերել է առաջին զոհին: Ավելի ուշ մոտակայքում հայտնաբերվել են այլ զոհերի մարմիններ: Նրանց թվում եղել է հղի կին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները չեն կարողացել փրկել ոչ նրան, ոչ էլ երեխային:
Քաղաքապետ Ջո Հոգսեթը հայտարարել է, որ հանցագործությունը զանգվածային սպանության բնույթ ունի: Նրա խոսքով՝ կրակոցները քաղաքում սարսափ են տարածել:
Իր հերթին ոստիկանապետ Ռենդալ Թեյլորը նշել է, որ ներկայում պարզվում է զոհերի միջև կապը: Նա պնդել է, որ միջադեպը պատահական չէ: Հարձակման զոհերի անունները չեն հաղորդվում, դրդապատճառը նույնպես մնում է անհայտ:
Ոստիկանությանը չի հաջողվել պարզել հարձակվողին, հնարավոր է կրակողները մի քանիսն են եղել: