ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Արցախից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հայաստանում Սորս հիմնադրամի (Source Foundation) միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու հնարավորություն է ընձեռնվել Լեռնային Ղարաբաղի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
«Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար չափազանց կարևոր են աջակցություն տրամադրող ծառայությունները։ Բայց, արտասովոր իրավիճակներում, նման ծառայությունները, հաճախ, չեն գործում: Հայաստանում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Սորս հիմնարդամի միջոցով վերականգնողական ծառայություններ և խնամք ստանալու հնարավորություն է ընձեռնվել Լեռնային Ղարաբաղի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագրի միջոցով, ծնողները ևս օգտվել են հոգեբանական աջակցությունից, վերապատրաստվելու հնարավորություններ ստացել»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով տեղահանված երեխաներն ու նրանց մայրերը շաբաթը հինգ օր, ժամը 10։00-17։00-ը հաճախում են կենտրոն և ստանում անհրաժեշտ վերականգնողական և խնամքի ծառայությունները։ Անհատական և խմբակային ծրագրերին անխոչնդոտ մասնակցելու համար լուծվել է նաև երեխաների տեղափոխման և սննդի խնդիրը։
«Այս ծառայությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխային․ երկրում յուրաքաչյուր համայնք պետք է նման ծառայություն ունենա՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար»,-ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը։