Շների հոշոտած ոչխարները տեղում են, փորձաքննություն դեռ նշանակված չէ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում հունվարի 19-ին հոշոտված ոչխարները շարունակում են մնալ աջ ու ձախ ընկած։ Տարածքում սննդի հարուստ պաշար գտած շների թիվն օր օրի ավելանում է՝ իրական վտանգ ներկայացնելով հարևանությամբ ապրողների կյանքի ու առողջության համար։
Ազգությամբ եզդի Սամվել Քոչարյանի գոմում կատարված դեպքի մասին Panorama.am-ը պատմել էր։ Դրանից հետո քաղաքացին պետական մի մարմնից մյուսն է վազում, նամակներ հանձնում Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, նամակների պատճենը թողնում իրավապահ մարմնում, ոստիկանություն է գնում, քննիչի հարցերին պատասխանում, 911 ու թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն զանգում։
Չնայած նրա ձեռնարկած այս բոլոր քայլերին, հոշոտված ոչխարների մարմիններն այսօր էլ՝ հունվարի 25-ի ցերեկը տեղում են, ոստիկանությունը Սամվելից ստորագրություն է վերցրել դրանք չտեղաշարժելու վերաբերյալ, սակայն այդ գործը բավականին ինտենսիվորեն անում են շները։
Համայնքային մարմնի ներկայացուցիչները կասկածներ են հայտնում, որ ոչխարներին գայլերն են հոշոտել։ Մինչդեռ սատկած ոչ մի կենդանի փորձաքննության չի տարվել։
Սամվել Քոչարյանին մտահոգում է, եթե պետական մարմնի մոտ կասկածներ կան, պետք է փարատվեն փորձաքննության արդյունքներով։ Քանի դեռ այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել ու արվում, նա մտածում է՝ փորձում են խուսափել պատասխանատվությունից ու վնասի հնարավոր փոխհատուցումից։
«Քանի որ վնասի չափը մեծ է՝ մոտ 10 մլն դրամ, փորձում են իրենց վրայից ցրել։ Գիտեն սարից նոր ենք իջել, փափախը գլխներիս է, ոչ մի բանից տեղյակ չենք։ Հիմա էլ ասում են, եթե բնակվում եք Արգավանդում, այն Արարատում է, ասում են՝ մենք չենք կարող ձեզ փոխհատուցել։ Ասում եմ՝ լավ, ես Գորիսից եմ եկել, շները Երևանի տարածքում ինձ կծել են, պիտի ասեք, գնացեք ձեր քաղաքում փոխհատուցում ուզե՞ք»,- հակադարձում է տուժած քաղաքացին։
Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնի մամուլի խոսնակ Լաուրա Հակոբյանը նշում է, որ ցանկացած դեպքում եթե շունը կլիպսավորված է, ապա իրենց գործառույթն ավարտված է։
«Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Հաղթանակ թաղամասից ունեցել ենք թափառող շների վերաբերյալ 50 ահազանգ ու բոլորն էլ ընթացք են ստացել։ Այս տարվա ընթացքում թաղամասից ստացել ենք մեկ ահազանգ՝ մինչև հունվարի 19-ը։ Դրան ևս արձագանքել ենք։ Եթե այնտեղ կան չկլիպսավորված շներ, մենք կմոտենանք ու կտեղափոխենք կլինիկա»,- ասաց Հակոբյանը։
Քաղաքապետարանից, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնից Panorama.am-ի հետ զրույցում կոնկրետ դեպքի մասին ոչինչ չեն ասում՝ վկայակոչելով, որ քննություն է իրականացվում։
Ոստիկանությունից հայտնեցին՝ Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, վնասի չափը պարզվում է։ Հարցին, արդյոք սատկած կենդանիների մարմինների փորձաքննություն նշանակվե՞լ է, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն արձագանքեց. «Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում»։
Սամվելն ասում է՝ շատ լավ հասկանում է, թե ինչու և ինչ են անում։ Նամակներն անարձագանք մնալու, ոչխարների մարմինները փորձաքննության չենթարկելու, խնդիրը չլուծվելու դեպքում պայքարելու է այլ մեթոդներով։
«Դեպքի օրը իմ հարազատները, հարևանները, բարեկամները, ծանոթներն ասացին, կենդանիների ոչ վնասված հատվածների մի քանի կգ միս կառնեն, որպեսզի ինձ պատճառած վնասը փոքր լինի, ոչ ոստիկանությունից թողեցին, ոչ էլ 911-ից։ Չթողեցիք, լավ, դե հիմա եկեք, տարեք, խնդիրը լուծեք»,-ասում է տուժած քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան