Դեսպան է նշանակվելու մի կին, որն ընդամենը գիտի անգլերեն. սա աղետ է. Նաիրա Զոհրաբյան
«Եկեք մի կողմ դնենք, որ Լիլիթ Մակունցը հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքում, որ դեսպաններ նշանակվում են իշխանությունների ծանոթ-բարեկամները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերին։
Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ասում, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դառնան դեսպաններ։ Ըստ նրա, հիմա ամենակարևոր երկրներից մեկում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվելու մի կին, որն ընդամենը գիտի անգլերեն։
«Սա աղետ է։ Մենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում ենք մի մարդու, որը տրամագծորեն հակառակն է անում այն ամենի, ինչը ինքը տարիներ շարունակ քարոզում էր՝ որպես ընդդիմադիր պատգամավոր։ Ես արդեն նույնիսկ հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել ՀՀ-ի համար այս ամենի հետևանքով։ Մենք այլևս ունենք կազմաքանդված պետություն, և ամեն մի նման որոշումն ուղղակիորեն հարված է մեր պետությանը։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է՝ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե իշխանափոխություն լինի, ապա Փաշինյանի նշանակած կադրերը անպայմանորեն հետ են կանչվելու, բայց այդ դեպքում էլ նրանք կարող են մնալ այդ երկրներում՝ խուսափելով քրեական հետապնդումներից։
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ մեկ րոպե անգամ չի կասկածում՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։
«Նա հեռանալու է, դա աքսիոմ է և չի քննարկվում։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գիտի, որ հեռանալու է։ Նա դեռ հնարավորություն ունի հեռանալ քաղաքական ճանապարհով։ Թող արդար դատարանը քննի՝ մեր պարտությունը ինչի արդյունք էր, դավաճանությա՞ն, թե՞՝ այլ բանի», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Դիտարկմանը, որ Լիլիթ Մակունցի կարծիքով՝ իր դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցն այսօր առաջնային խնդիրը չէ, որ պիտի քննարկվի, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ այդ դեպքում իր ֆրանսերենի ուսուցչին էլ կարող է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել. «Ֆանտաստիկ տիրապետում է ֆրանսերենին»։
Հարակից հրապարակումներ`
- Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ. Սուրեն Սարգսյան
- Միայն դա բավարար է Մակունցի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար. Ղազարյան
- Միքայել Մինասյան. Փաշինյանը որոշել է Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան