2020 թ-ին ՊԵԿ-ը 120 մլրդ դրամով քիչ եկամուտներ է հավաքագրել
«ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշների գծով 2020 թվականի համար ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 607 մլրդ դրամ եկամուտների հավաքագրում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված այն նվազեցվեց մինչև 1 տրիլիոն 326 մլրդ դրամի»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ հարկային վարչության կազմակերպման պետ Կարեն Թամազյանը և հավելեց, որ ՊԵԿ կատարողականը կազմել է 1 տրիլիոն 385 մլրդ դրամ, որը ծրագրային ցուցանիշի նկատմամբ 59 մլրդ դրամով ավելի է:
Նա նկատեց, որ 2019 թվականի հետ ցուցանիշները համադրելի չեն, այդ պատճառով էլ չի համեմատի:
Նշենք, որ 2019 թվականին հավաքագրվել էր 1 տրիլիոն 507 մլրդ դրամի եկամուտ, որը շուրջ 120 մլրդ-ով ավելի է, քան 2020 թ-ին:
Կարեն Թամազյանը հայտնեց, որ հավաքագրված գումարից 2020 թվականին հարկ վճարողներին վերադարձվել է 138 մլրդ դրամ:
Նրա խոսքով՝ 1000 խոշոր հարկատուները ապահովել են եկամուտների 71.3 տոկոսը:
ՊԵԿ վարչության պետը, ըստ ռեժիմների ներկայացնելով եկամուտները, հայտնեց, որ պետական եկամուտների ավելի քան 90 տոկոսը վճարվում է ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից, որոնց քանակը կազմում է շուրջ 15 հազար և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից, որոնց քանակը 6000 է: Վերջին խմբի մեջ մտնում են այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը շահույթ չի հետապնդում, օրինակ՝ նախարարությունները:
Կարեն Թամազյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի ապրիլին աշխատատեղերի թիվը հանրապետությունում նվազել է՝ հասնելով 547 հազարի, երբ մարտին 620 հազար աշխատատեղ կար:
Նա հավաստիացրեց, որ չնայած այդ նվազմանը՝ աշխատատեղերի միջին ամսական թիվը եղել է 609 հազար, իսկ 2019 թվականի 602 հազար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին