ԵՊՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր:
ԵՊՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգևով պարգևատրման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Պարգևատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը:
Նա տեղեկացրել, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաև, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար:
Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:
Այնուհետև՝ նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գևորգյանն առաջարկել է առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:
Գեղամ Գևորգյանը չի բացառել, որ օրինակ մեկ ամիս անց կարող է որոշվել ուսումնական գործընթացն ամբողջովին իրականացնել առկա ձևով:
Հրապարակված հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:
Նիստի ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ և առաջարկներ: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրել է կառույցի կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝ նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձևով:
Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվել է, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետներում: