Լավրով․ Ղարաբաղը պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մենք երկար տարիներ, եթե ոչ տասնամյակներ, մեծ ուշադրություն ենք հատկացրել։ Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որում ներառված են նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, օբյեկտիվորեն կասեմ, որ մենք հետևողականն առաջ ենք տարել տարբեր գաղափարներ՝ ընդունված սկզբունքների հիմքով, որոնք թույլ կտային հասնել կարգավորման»,-այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո։
Լավրովի խոսքերով, տարիներ առաջ եղել է շանս ռուսական առաջարկների հիման վրա, որոնց աջակցել են նաև մյուս համանախագահները, հասնել պայմանավորվածությունների, որոնք կօգնեին պահպանել հազարավոր կյանքեր՝ և՛ Հայաստանի, և Ադրբեջանի կողմից։
«Ցավոք, դա տեղի չունեցավ ու այժմ ունենք իրական վիճակ տեղում, որին հնարավոր եղավ հասնել նախագահ Պուտինի միջնորդական ջանքերով»,- ասաց Լավրովը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Լավրովի խոսքերով, բացի հրադադարից, նաև ներառում է այն դրույթները, որոնք ժամանակին ձևավորվել էին ՌԴ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։
«Կրկնեմ, իրավիճակը ձևավորվեց շատ առումներով հիմնական սկզբունքների շրջանակներում, բայց հազարավոր զոհերի գնով։ Սա, երևի, պետք է դաս լինի նման հակամարտություններում ներգրավվածների համար ապագայում»,- ասաց Լավրովը, հավելելով, որ ոչ միայն Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն են շահագրգռված, որ տարածաշրջանը խաղաղ լինի, զարգանա, այլ նաև Իրանը, Թուրքիան։
«Կնշեմ նաև Վրաստանին, քանի որ այն ևս Հարավային Կովկասի երկիր է ու հնչում են նախաձեռնություններ, որ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասնակցությամբ, ձգտեն այստեղ հաստատել նոր հարաբերություններ՝ հաշվի առնելով նոր իրականությունը, երբ չկա պատերազմ ու կա պայմանավորվածություն՝ հանել բոլոր բլոկադաները մոլորակի այս կարևոր հատվածում»,- ասաց Լավրովը, նշելով, որ առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ ներկայացուցիչների հանդիպումն այս հարցով։
Լավրովի խոսքերով, նաև Եվրոպական երկրներն են ցանկանում միանալ Լեռնային Ղարաբաղի ու նրա շուրջ տնտեսության վերականգնմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին