«Հրապարակ». Հետպատերազմյան Արցախում «լավագույն ավանդույթները» շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի և կքննարկի ՀՊ նախագահի հարցը։ Այս տեղափոխության զավեշտն այն է, որ բյուջեն կազմած, բյուջեն գրած պաշտոնյան, փաստորեն, հիմա գնում է ստուգելու իր իսկ կազմած բյուջեն և դրա ծախսման արդյունավետությունը։
Սակայն ուշագրավ է, որ նա մրցակից ունի՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի։ Վերջինիս թեկնածությունը նույնպես առաջադրել են, և, ըստ էության, խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ իշխանության համար այս ընտրությունը լինելու է կարևոր փորձություն։ Հատկապես իշխանության համար՝ պատրա՞ստ է արդյոք թափանցիկ և հաշվետվողական լինել հանրության առջև և այդ պաշտոնը քաղաքական որոշման արդյունքում զիջել ընդդիմադիր գործչի, թե՞ հետպատերազմյան Արցախում էլ «լավագույն ավանդույթները» շարունակվում են։
Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը չի ծառայել բանակում և ոչ էլ զինապարտ է, մինչդեռ նշված պաշտոնի համար դա սահմանադրական պահանջ է։ ՀՊ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների 3/5-ով, բայց մինչ այդ ԱԺ գլխադասային հանձնաժողովի մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։