Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
ՌԴ ԱԳ նախարար Իգոր Լավրովի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է արցախյան հիմնահարցին՝ նկատելով, որ իր երկիրն ամենամոտն է հակամարտությանը և վերջին 30 տարիների ընթացքում ընդհարվել է դրա հետևանքների, մասնավորապես՝ փախստականների խնդրի հետ:
Ըատ Զարիֆի, դա է պատճառը, որ Իրանը շատ է կարևորում հակամարտության կարգավորումը:
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա ամռանը և աշնանը հակամարտության բռնկումների ժամանակ Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում և այդ նպատակով հեռախոսազրույցներ է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, կազմակերպել տարածաշրջանային այցեր:
Զարիֆը հայտնել է՝ իրանական կողմը շատ ուրախ է, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերով գտնվել է լուծում, որը շատ նման է իրենց առաջարկածին, որը և բերվեց գործնական հարթություն:
Նա գոհունակությամբ ընդգծել է, որ հունվարի 11-ին Ռուսաստանի կառավարմամբ սկսվել է այդ որոշման իրականացումը, որն ամրապնդվել է Փաշինյանի և Ալիևի՝ հակամարտության նվազեցման և լուծման ճանապարհով շարժվելու պատրաստակամությամբ:
Զարիֆի խոսքով, ներկայում ստեղծված են պայմաններ Արցախի ծաղկման, տարածաշրջանային համագործակցության և փոխգործակցության համար:
Բանախոսը հատկապես կարևորել է տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցման ծրագրերի համար ստեղծված բարենպաստ հողը:
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Անդրկովկասի երեք երկրներ, Ռուսաստան և Թուրքիա կատարվող իր այցերի նպատակը այդ երկրների ղեկավարների կողմից նախկինում շոշափված 3+3 և այլ ձևաչափերի ծրագրերի քննարկումն է:
Նկատելով, որ իր այցելած երկրներում իրենց առաջարկներին շատ պոզիտիվ են վերաբերվել՝ Զարիֆը հույս է հայտնել, որ մյուս պետություններում, ուր դեռ մեկնելու է, նույնպես կհանդիպի նման արձագանքի:
«Համագործակցելով կարող ենք շարժվել տարածաշրջանում փոխգործակցության և համագործակցության համակարգի ստեղծման ուղղությամբ և օգտվել այդ հնարավորությունից ավելի լավ ապագա ունենալու համար»,- խոսքն ավարտել է Զարիֆը: