Գնիր գիրք և նվիրիր այն զինվորին
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի զինվոր» ակցիան:
Հունվարի 20-30-ը ներառյալ, յուրաքանչյուր ոք կարող է գնել գիրք և նվիրել այն զինվորին՝ ծանոթ կամ անծանոթ: Վաճառված գրքերի գումարի 20%-ը փոխանցվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Ասուլիսում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ այս օրերին բացառում են տոնական միջոցառումները, հիմնականում կարևորում են այդ տոների բուն խորհուրդը:
«Երբ որ մտածում էինք Սուրբ Սարգսի տոնակատարության շրջանակում որ միջոցառումները անցկացնենք, որոնք՝ ոչ, բնականաբար՝ բացառելով տոնականը, այս մեկը մեզ համար շատ կարևոր է, քանի որ խոսքը գրքին, զինվորին են վերաբերվում: Այս ծրագրի հիմքը հայ զինվորն է, պետք է փորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի զինվորները մեր ուշադրության կենտրոնում մնան»,- նշեց Տեր Եսայի քահանան:
Նա ընդգծեց՝ Սուրբ Սարգսի տոնի հիմքում այն աստվածային սերն է, որը համախմբում է բոլորին. «Այսօր այդ սիրո մասին շատ խոսելու կարիք ունենք, առհասարակ սիրո խորհրդի շուրջ համախմբելու կարիք ունենք՝ հաշվի առնելով նաև այսօրվա մեր իրողությունը: Այսօր կարևոր է այնպիսի ծրագրեր իրականացնենք, ապրենք այնպիսի կյանք, որը հնարավորություն կտա տեսնելու մեր վաղվա տեսլականը, հույսը, կարողանանք շենացնենք մեր հայրենիքը:
Այս ծրագրում կա ներքին հոգևոր ուրախություն, գիրքը պարզապես նյութ չէ, հոգևոր արժեք է, գրքի միջոցով մեկը մյուսին սեր են խոստովանում»:
«Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ ցանկացողները կարող են այցելել «Բուկինիստ» գրախանութի ցանկացած մասնաճյուղ, ընտրել գիրքը, հատուկ էջանշի վրա գրել իրենց սրտի զինվորի տվյալները (կամ նվիրել անծանոթ զինվորին), իսկ իրենք կհանձնեն այդ նվերը:
Յուրաքանչյուր գնորդ նվեր կստանա պիտակների բացառիկ հավաքածու՝ «Իմ հերոսը հայ զինվորն է»: Այս տարի ցակացողները կարող են գիրքը գնել ու թողնել գրախանութում՝ նվիրելով անանուն զինվորին: «Բուկինիստը» պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ դրանք կհասցնի զորամասեր՝ այդպես և սեր նվիրելով զինվորներին, նաև կրթելու հնարավորություն: Կարող են ուղարկել նաև կոնկրետ զորամաս՝ կոնկրետ զինվորի: Նույնպես ՊՆ-ի հետ համագործակցությամբ կհասցվի տվյալ զորամաս:
Խ.Վարդանյանը հայտնեց, որ այս տարի իրենց նախաձեռնոթյանը միացել են տարբեր գրախանութներ մարզերում ու հրատարակչություններ:
«Այսօր Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը հսկայական ծավալի գիրք մեզ հանձնեց՝ Էմին ստեղծագործություններից, թարգամանություններից»,- ասաց «Բուկինիստ» ընկերության տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան