Հնդկաստանն ընդմիշտ արգելափակում է TikTok-ը
Հնդկաստանը երկրում պաշտոնապես հաստատել է չինական 59 հավելվածների, այդ թվում ՝ TikTok սոցիալական ցանցի օգտագործման մշտական արգելքը: NDTV-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Որոշումն ընդունել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Դրանից առաջ՝ անցյալ տարվա հունիսին, Հնդկաստանի իշխանությունները արգելել էին օգտագործել չինական 59 հավելվածը՝ դրանք անվանելով երկրի ինքնիշխանությանը, ամբողջականությանը և ազգային անվտանգությանը վնասող: Իշխանությունները այդ հավելվածների ծրագրավորողներին հնարավորություն տվեցին հիմնավորումներ ներկայացնել այդ ծրագրերի գաղտնիության և անվտանգության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել մի շարք հարցերի:
«Կառավարությունը գոհ չէ այդ ընկերությունների կողմից տրված պատասխանից և բացատրությունից: Հետևաբար, այս 59 հավելվածների արգելքը այժմ մշտական է լինելու»,-ասել է հեռուստաընկերության աղբյուրը:
Ընդմիշտ արգելված պլատֆորմների ցանկում ներառված են TikTok-ը, WeChat-ի հավելվածը և Alibaba-ի կողմից մշակված UC բրաուզերը:
Չինական հավելվածներն արգելելու մասին որոշումն ընդունվել է սահմանամերձ բարձր լեռնային Լադախ շրջանում երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին: