Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
«Նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում, և մենք հաղթեցինք, իսկ այս պատերազմն այդպիսին չէր»,- այսօր Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, մինչ Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, Հայաստանը պատրաստվում էր պարտվելու:
«Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: Եվ բանակի ներսում արդեն անվստահություն մտավ»,- նկատեց նա։
Ըստ Վազգեն Մանուկյանի, բանակի արդիականացումը ևս մեկ քայլ էր, որ Հայաստանին տանում էր դեպի պարտություն։
«2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, և հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որին ինքը պարտվել է 1994-ին և կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում՝ ԱԹՍ-ներ, նոր տեխնոլոգիաներ, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց:
Նախկին իշխանությունների օրոք մենք ուզում էինք «ՏՈՌ»-եր ձեռք բերել, այսինքն՝ այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ և այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիան մեզ առաջարկեց տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք էլի հրաժարվեցինք»,- ներկայացրեց նա։
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հարցազրույցին՝ Վազգեն Մանուկյանն առանձնացրեց այն հատվածը, որ չեն կարողացել կանոնավոր կառավարել բանակը:
«Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում, թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին։ Սա պատերազմ չէր, սպանդանոց էր։ Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: 4-րդ օրը ԳՇ պետը, Արցախի ղեկավարությունն առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց չհամաձայնեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»,- եզրափակեց խոսքը Վազգեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան