Կարեն Վրթանեսյան. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից, եթե...
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Կապիտուլյացիան ստորագրելուց ի վեր նիկոլաթուրքերը 3 ուղերձ են առաջ տանում՝ փաթեթավորելով դրանք տարբեր քարոզչական թեզերի մեջ.
1. Պատերազմն անխուսափելի էր։
2. Պարտությունն անխուսափելի էր։
3. Եւ ուրեմն մենք մեղավոր չենք։
Այս ուղերձների հիման վրա կառուցած քարոզչական թեզերի մի քանի օրինակ. «Պատերազմն անխուսափելի էր, որովհետև նախկինները բանակցային գործընթացը փակուղի էին մտցրել», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև նախկինները թալանել էին բանակը», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև մեր դեմ կռվում էր Թուրքիան», «Պարտությունն անխուսափելի էր, որովհետև ռուսները մեզ չէին օգնում» (սա ՊՆ-ից են տարածում, «մի բան ասեմ, մարդու չասես» ոճի բամբասանքների տեսքով)։
Իրականությունը հետևյալն է.
1. Պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի իշխանություններն ի ցույց աշխարհի չքանդեին պետական (նամանավանդ՝ պաշտպանական) համակարգերը, եթե չպառակտեին հասարակությունը, եթե միջազգային հարաբերություններում արկածախնդրությունների չդիմեին, եթե կորոնավիրուսի դեմ պայքարը ցուցադրաբար չտապալեին, հասկանալի դարձնելով թշնամու համար, որ ընդամենը պոռոտախոս և ապիկար տգետներ են... Մի խոսքով, եթե իրենց գործը նորմալ անեին, գոնե նախկիններից ոչ վատ անեին իրենց գործը։
2. Պատերազմում հնարավոր էր չպարտվել, նույնիսկ հաղթել՝ անկախ վարձկաններից և նույնիսկ թուրքական անօդաչուներից, եթե ժամանակին ճիշտ հրամանները տրված լինեին, եթե լայվերով հիստերիկաներ անելու և խուճապ տարածելու փոխարեն, թիկունքը քանդելու և էլի նախկիններին մեղադրելու փոխարեն նորմալ աշխատեին։ Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ։ Բայց իրենց համար կարևորը իշխանությունը պահելն էր, ոչ թե պատերազմում հաղթելը կամ գոնե չպարտվելը։
Նույնիսկ պարտվելու դեպքում կապիտուլյացիան անխուսափելի չէր, տարբեր ձևեր կային մինիմալ կորուստներով դուրս գալու և հազարավոր երիտասարդների չկոտորելու։
3. Եւ ուրեմն հենց դուք եք մեղավոր, որ պատերազմը սկսվեց ու տանուլ տրվեց ամենախայտառակ ձևով, առավելագույն կորուստներով։
Շարունակելի...»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի