Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի քրեական գործերը կրկին միացվեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը:
Դատավորն առաջարկեց Նազիկ Ամիրյանի և Մանվել Գրիգորյանի գործերը միացնել և քննել մեկ վարույթում, հիշեցրեց, որ այդ վարույթներն անջատվել էին այն պատճառով, որ Մանվել Գրիգորյանը վատառողջ էր, չէր կարողանում ներկայանալ նիստերին, նիստերը հետաձգվում էին:
Պատպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ այս պահին առարկություն, դիրքորոշում չունեն, եթե դեմ չեն, մեկ նիստի ընթացքում կքննարկեն ու կարծիք կհայտնեն: Նազիկ Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանն առաջարկեց, որ դատարանն այս պահին ձեռնպահ մնա այդ հարցի քննարկումից, քանի որ եթե տեղյակ լիներ նման հարց է բարձրացվելու, փաստարկներ կներկայացներ. «Փաստարկներ կան, որ խախտվում է Նազիկ Ամիրյանի, նաև Մանվել Գրիգորյանի իրավունքները, սակայն այս պահին ամբողջական պատրաստ չեմ ներկայացնել, սակայն նման խնդիր կա»:
Մեղադրող դատախազը դեմ չէ, որպեսզի մեկ վարույթում քննվի սույն գործը, գտնում է, որ ավելի արդյունավետ կլինի: Այն, որ համատեղ քննության արդյունքում կարող է խախտվել Նազիկ Ամիրյանի պաշտպանության իրավունքը կամ ընդհանրապես իրավունքից որևէ տարր, դատախազի խոսքով, պատճառաբանված չէ:
Դատավորը հայտնեց, որ դատարանը որոշեց երկու քրեական գործերը՝ քրեական գործն ըստ մեղադրանքի Մանվել Գրիգորյանի և քրեական գործն ըստ մեղադրանքի Նազիկ Ամիրյանի, միացնել մեկ վարույթում՝ պատշաճ կարգով քննություն իրականացնելու նպատակով:
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թ. նոյեմբերի 19-ին:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրգործի վարույթը՝ ծանր հիվանդությունների հիմքով
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
- Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու և ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար
- «Տվեք մեր հիվանդին». Արտերկրի հիվանդանոցից պահանջել են Մանվել Գրիգորյանին տեղափոխել իրենց մոտ
- Նազիկ Ամիրյանի պաշտպան. Դատարանը ցույց տվեց, որ իր կայացրած որոշումներն են վերջնական, դա կլինի կամ չի լինի օրենքով
- Նազիկ Ամիրյան. Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից