Պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, ԵՊՀ-ից եղել է 55 զոհ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպմանը քննարկվել է պատերազմում զոհված ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցը:
ԵՊՀ լրատվական ծառայության հաղորդմամբ, Գեղամ Գևորգյանը նշել է, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: Գեղամ Գևորգյանը չի բացառել, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:
Նա նշել է, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, և առաջարկել է որոշ ժամանակ սպասել: Գեղամ Գևորգյանն ասել է, որ 3 ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող ճեմուղում: Նա այս ընթացքում մտածելու և առաջարկություններով հանդես գալու կոչ է արել դեկաններին: