Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շարունակում է մարզային այցերը։
Արարատի մարզ այցի ընթացքում Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ նորմալ է, որ որոշ մարդիկ դեռ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա, այդ մարդկանց հետ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն։
«Նրանց բացատրել է պետք, նրանք մեր քաղաքացիներն են։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ, շահից ելնելով, այդ մարդիկ ընդդիմության դեմ խուժանություն են արել։ Հենց այդպիսի դեպք եղավ Սյունիքի մարզում։ Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն է, որ երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը։ Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, քանի որ նրանց այդ մարդկանց հետ եմ համեմատել»,-ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք շարժումն իր ֆորմատը փոխելու է, Վազգեն Մանուկյանն արձագանքեց՝ ինչո՞ւ պետք է փոխի։
Դիտարկմանը, որ հասարակության մոտ տպավորություն է, թե պայքարը մաշվել է, ՀՓՇ-ի վարչապետի թեկնածուն արձագանքեց՝ ասելով, որ դա ընդամենը լրագրողի կարծիքն է։
«Շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկան։ Ես լրագրողներից եմ լսում, թե խնդիրներ կան։ Դա հնարովի է»,- նկատեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ մինչ ՀՓՇ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինս անգամ նոր դեպսաններ է նշանակում, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Հրաժարական միևնույն է լինելու է։ Չի կարող այդ մարդը մնալ, այդպես չի լինի։ Կտեսնեք՝ ոնց կլինի դա»։
Հարցին, թե ի՞նչ արդյունք են տալիս մարզային այցելությունները, վարչապետի միասնական թեկնածուն պատասխանեց, որ շատ լավ են անցնում այդ հանդիպումները։
«Ես շատ բաներ եմ սովորում քաղաքացիներից։ Նրանց հետ կարողանում եմ կիսել իմ մտքերը։ Ես կարծում եմ, որ հանրության լայն շրջանակները կամաց-կամաց հասկանում են՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Տավուշի մարզում արդեն պատրատսվում են «դիմավորել» 17 կուսակցությունների առաջնորդ Վազգեն Մանուկյանին
- Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն
- Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել