Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի
«Անցած ժամանակահատվածում նոր բացահայտումներ եղան, որոնք մեծ կասկածներ առաջացրեցին, թե ինչու մենք այսպիսի պարտություն ունեցանք։ Դա գումարվեց այն հանագամանքնին ու այն ժամանակ հնչեցված հարցերին, որոնց պատասխանն ու ողջամիտ բացատրությունը մենք չենհք ստացել»,-երեք լրատվամիջոցի՝ Yerevan.today-ին, Hayeli.am-ին և Politik.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում քաղաքացիների մոտ բազմաթիվ անպատասխան հարցեր են առաջանում ուղղված պետական մարմիններին։
«Յուրաքանչյուր մտածող մարդու մոտ այսպիսի դիլեմա է առաջանում. վարչապետը, իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմ ունենալու համար, կամ չարեց ոչինչ, պատերազմը կանխելու համար։ Կամ երկրորդը՝ իշխանությունը, վարչապետը արեց ամեն ինչ պատերազմը պարտվելու համար, թե՞ չարեց ոչինչ պատերազմում չպարտվելու համար։ Երբ քաղաքացին այսպիսի դիլեմայի առջև է կանգնում, նորմալ իրավիճակ չէ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, մեկ մարդու, մեկ պատերազմի համար սխալները չափից շատ են։
«Ես առաջարկում եմ նայել այլ անկյան տակ, ի՞նչ է ճիշտ արվել, որ չպարտվեինք այս պատերազմում։ Այս երկուսուկես ամսվա ընթացքում ոչ ոք չի ասել, թե ինչ է արվել իշխանության ու վարչապետի կողմից, որպեսզի չհայտնվեինք նման իրավիճակում։ Սա ապշեցնող է։ Կյանքում չի լինում ենթադրյալ բազմաթիվ քայլերից նույնիսկ պատահաբար դու ոչ մի ճիշտ քայլ չես անում։ Իսկ մեր վիճակն այսպիսին է»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ խոսքը վերաբերում է դիվանագիտական ձախողմանը, բանակցությունները փակուղի մտցնելուն, Թուրքիային ու Ադրբեջանին հրահրելուն, նրանց միավորելուն, պատերազմի ժամանակ փորձառու ու մարտական ճանապարհ անցած զինվորականների չեզոքացմանը, կանոնավոր բանակից անցումը դեպի ջոկատների։
Անդրադառնալով Բելառուսի նախագահի ու ՀՀ երրորդ նախագահի հայտնի ձայնագրությանը, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, փաստ է, որ նման քննարկումներ եղել են, նաև փաստ է, որ մերժում եղել է։
«Հայտնի դարձավ, որ այս նոր իշխանությունը ևս նման կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ...հայտնի պաշտոնյա... հանդիպում Դուբայում, և մենք չգիտենք, այդ առաջարկն ընդունվել է, թե մերժվել է։ Մենք ունենք այդպիսի խոսակցություն, որը հաստատված է, անհերքելի է, և մենք ունենք պատերազմի արդյունք։ Պատերազմի արդյունքում մենք ունենք կորցրած շրջաններ, մի բան էլ ավել, քան յոթ տարածքն էր։ Հիմա ես չունեմ որևէ փաստեր, նյութեր ապացուցելու, հայտնաբերելու կապը հետևանքի ու առաջարկի միջև, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ։ Եթե մենք ունենք պետություն, ապա այդ կապը կամ պետք է հերքվի, կամ հաստատվի։ Դա հնարավոր է անել միայն շատ լայնածավալ ու պրոֆեսիոնալ հետաքննությամբ։ Իսկ քանի որ իշխանությունը մերժում է նման քննությունը, փաստահավաք խմբի ձևավորումը, ուրեմն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, և այն, ինչ ունենք, հետևանք է այդ գործարքի, այնքան ժամանակ մինչև դա չհերքվի։ Պարզ է, որ այս իշխանության օրոք դա հաստատվել կամ հերքվել հնարավոր չէ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ` Yerevan.today-ի հեռարձակմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան