Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, թշնամին խնայում էր Արայիկ Հարությունյանի նստավայրում եղած մարդկանց
Արցախյան վերջին պատերազմում Արցախի նախագահի նստավայրի անվնաս մնալը բազմաթիվ կասկածների ու հարցերի տեղիք է տալիս։
«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել այն, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավել մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում օրինակ Ջալալի գրասենյակը, և հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչի՞ էր հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան, որ ընթանում էր 60կմ/ժ արագությամբ, կամ Լաչինի կամուրջը, որ երկու հրթիռով ուղղակի կամուրջը ավելի քան 100 կմ տարածությունից քանդեցին։ Սրանք հնչեցվեցին, բայց արժանի ուշադրության չարժանացան։ Արցախի նախագահի նստավայրի շենքի բոլոր ապակիները տեղում են։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են»,-ասում է ՀՀ երկրորդ նախագահը՝ հիշեցնելով, որ արցախյան ազատամարտում պետական պաշտպանության կոմիտեի շենքը, որտեղ լինում էր նաև ինքը, թշնամու հրթիռակոծության ներքո էր, շենքի բոլոր ապակինեը կոտրվել էին, տանիքը վնասվել։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, պատերազմի ընթացքում Արցախի նախագահի նստավայրում Հայաստանի վարչապետի ամենամոտ թիմակիցներն էին նստած, միմյանց փոխարինելով այնտեղ էին։
«Միշտ այդ շենքում մարդ է եղել։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին։ Նա հայտարարեց, որ Գյանջայի վրա կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությամբ խնայում էին այն մարդկանց, ովքեր նստած էին այդ շենքում, և շատ հավանական է խնայում էին, որովհետև այդ մարդիկ այլ խնդիր ունեին, օրինակ , որ մենք պատերազմը չհաղթենք։ Իրավունք ունե՞նք նման կասկածներ ունենալ, թե՞ ոչ։ Ստեփանակերտում խոսում ենք, ասում ենք, տեսնես, որտեղից թշնամու սերն այն շենքերի նկատմամբ, որոնք նախկինում եղել են հիմնական թիրախներից »,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է Հայաստանում
- Ռոբերտ Քոչարյան. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածել, որ այն, ինչ ունենք, հետևանք է գործարքի