Այս տարի կրթության ռազավարության բարեփոխումներ են իրականացվելու. ԿԳՄՍ փոխնախարար
«2020-ը յուրահատուկ տարի էր, մենք փորձում էինք մի կողմից շարժվել զարգացման ու բարեփոխումների տրամաբանությամբ, մյուս կողմից՝ կար համավարակը, որին փորձում էինք դիմագրավել, ապա նաև եղավ պատերազմը՝ որպես արհավիրք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Եվ, ըստ փոխնախարարի, հենց համավարակի ու պատերազմի պատճառով շատ ծրագրեր ուղղակի չեղարկվել են 2020-ին, և պլանավորվում է այս տարի դրանք իրականացնել։
«Տարբեր ուղղություններով աշխատանքներ ենք տանում։ Համավարակի ընթացքում մենք իրականացրինք հեռավար ուսուցման կազմակերպում, կրթական պաշարների ու ռեսուրսների վերազինում։ Մենք նաև հեշտացրինք օտարերկրյա և սփյուռքահայ քաղաքացիների մուտքը Հայաստան, որպեսզի նրանք առաջինը կարողանան մասնակցել ընդունելության քննություններին։
Կուզեի ընդգծել, որ անցած տարի մենք կարողացանք անդամակցել GPE-ին, ինչի շնորհիվ ծրագրի առաջին փուլի համար ստացանք կես միլիոնից մի փոքր ավելի գումար, որով այս տարի լայնածավալ հետազոտություններ են իրականացվելու հանրակրթության ոլորտում։ Դրանով կհարստացվի մեր կրթական ռազմավարությունը։ Դա շատ լավ հնարավորություն է Հայաստանում կրթական բաեփոխումների շուրջ սոցիալական երկխոսությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար»,- ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է կրթության հարցերով տեղական գործընկերության խումբ, որտեղ ներգրավված են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցչական համայնք, կրթության ոլորտով զբաղվող քաղաքացիական կառույցների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
«Մենք միասին որոշելու ենք, թե որոնք են կրթական բարեփոխումների կարևոր ուղղությունները, և միջոցները որ ուղղությամբ պետք է բաշխվեն։ Այդ ամբողջ աշխատանքներն արվելու են այս տարի։ Դա արվելու է ոչ թե պետության միջոցներով, այլ՝ դրամաշնորհային ծրագրով։ Այսինքն՝ այս տարի շատ ավելի ամուր երկխոսություն կունենանք կրթական բարեփոխումների շուրջ, ինչը կարծում եմ՝ խիստ արդիական է»,- նկատեց նա։
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց՝ այս տարի կրթության ռազավարության բարեփոխումներ են իրականացվելու, ինչը շարունակական գործընթաց է։
«Համավարակից հետո մենք ավելի մեծ շեշտադրում արեցինք հեռավար ուսուցմանը։ Մենք լայնակողմ, տարբեր շրջանակներով հանդիպումներ ենք ունենալու, ինչի արդյունքում և վերանայումներ կլինեն»,- նկատեց նա։
Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, որոշվել է «Սարմուս 6» միջազգային փառատոնը Հայաստանում անցկացնել։ Փառատոնը լինելու է 2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը։
«Գիտության և արվեստի փառատոն է, և մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալելու այդ փառատոնը։ Մեր նման փոքր երկրի համար դա կարող է ունենալ նաև տնտեսական էֆեկտ, որովհետև ակնկալվում է գիտության և արվեստի մեջ շատ մեծ անուն ունեցողներին հյուրընկալել Հայաստանում։ Մինչև փառատոնը լինելու են տարբեր միջոցառումներ՝ տարբեր մեգապոլիսներում։ Մեզ համար սա շատ կարևոր է նաև գիտության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը մեծացնելու տեսանկյունից։ Մենք ևս ուզում ենք գնալ դեպի տեխնոլոգիական կրթություն։ Հայաստանի ապագան նաև այդտեղ է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը դրական եզրակացություն ստացավ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը
- Հեռավար ուսուցման դեպքում Արցախի դպրոցականների անվճար ինտերնետի համար բանակցություններ են ընթանում