Հայրենիքի փրկության շարժումը համախոհության հասնելու ճանապարհային քարտեզի առաջարկ է անում
Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Շարժման տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը: Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։
Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.
ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿ
Համայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։
Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու հույսն է։ Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։
Ելնելով վերնշյալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում.
1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից:
2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն.
ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,
բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին:
Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։
Հայրենիքի փրկության շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։
Հարակից հրապարակումներ`
- Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
- Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն
- Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին
- Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցն է եղել
- Վազգեն Մանուկյան. Մենք պատերազմ հրահրող չենք, բայց դիմադրություն ենք ցույց տալու
- «Հրապարակ». Հայրենիքի փրկության շարժումը նոր մարտավարություն է որդեգրել
- Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ
- Հայրենիքի փրկության շարժումը քննարկել է Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը
- Վազգեն Մանուկյանը դիմում է ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ