Արա Այվազյան. Մենք հարգում ենք Իրանի մոտեցումները
«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ»։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Այվազյանի ելույթից մի հատված ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Արա Այվազյանն իր խոսքում նշել է, որ այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում:
«Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն»,-ասել է նախարարն ու ավելացրել, որ Հայաստանը հարգում է Իրանի մոտեցումները։
«Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»»,-նշել է նախարար Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- Զարիֆ. Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին
- Իրանը ներդրել է հսկայական ջանքեր, որպեսզի ներկայացնի տարածաշրջանային լուծում. Զարիֆ
- Լավրովն ու Զարիֆը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը՝ Ղարաբաղում իրավիճակի շուրջ
- Զարիֆ. Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղին անցնում է տարածաշրջանային պայմանավորվածությունների միջով
- Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ