Վազգեն Մանուկյան. Հայաստանում իշխանափոխությունը քաղաքական պահանջ չէ
Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը և այլ հարցեր։
Հանուն փրկության շարժման ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, հանդիպմանը ներկա երիտասարդները բարձրացրել են մեր երկրում ազգային գաղափարախոսության ամրապնդման, ազգային իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը, լսել Վազգեն Մանուկյանի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։
Մանուկյանի խոսքով՝ ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում, պարզապես պետք է կարողանալ դրանք ճիշտ համադրել։ Երկրում ազգային և ժողովրդավարական արժեքներով քաղաքացի ձևավորելու գործում նա առաջին հերթին կարևորել է կրթական համակարգի դերը։
Հանդիպման մասնակիցները բարձրացրել են մեր երկրում ստեղծված իրավիճակում իշխանափոխության հրատապության հարցը, հետաքրքրվել Հայրենիքի փրկության շարժման ծրագրերի մասին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն աջակցելու Շարժման գործունեությանը։
Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում իշխանափոխության պահանջը քաղաքական պահանջ չէ, այլ պետականության պահպանման, երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտություն։
Հարակից հրապարակումներ`
- Սա պատերազմ չէր, սպանդանոց էր. մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին. Վազգեն Մանուկյան
- Երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, բայց ձեզ հետաքրքրում է այդ մի բառը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն