Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ
«Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել և դեռ նախորդ տարվանից ՀՀ քաղաքացիները հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև այն ունի սոցիալական բաղադրիչ»,- այս մասին Կառավարութան այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ նախորդ տարվանից Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ աշխատել են այդ թեմայի վրա և կարծես ունեն կոնկրետ արդյունք՝ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարություններն արդեն կայացրել են որոշումներ:
Ծրագրի էությունը նրանում է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել դեպի ՌԴ կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հաստատված է:
Ծրագիրը մեկնարկում է պիլոտային կարգով՝ մինչև մարտի 1-ը, բայց կարծում են, որ այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն արդեն անցել է:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատելու «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրային հավելվածը: Նրա տեղեկացմամբ՝ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ և այնտեղ գրված են այն բոլոր չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի լաբորատորիան ծրագրում ընգրկվելու համար:
Ըստ նախարարի, քաղաքացին ներբեռնելով իր հեռախոսի մեջ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածը կարող է մոտենալ այնտեղ նշված լաբորատորիաներից մեկը, հանձնել թեստը, որի արդյունքները QR կոդով մտցվում են համապատասխան ծրագիր և արդեն թեստի բացասական արդյունքի դեպքում հավելվածում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և քաղաքացին կարողանում է հատել սահմանը:
Ավանեսյանը նշեց, որ ծրագիրը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնելու:
Նշվեց նաև, որ համակարգչային հավելվածի ստեղծման աշխատանքները ֆինանսավորել է Եվրասիական բանկը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան