Արտյոմ Եղոյան. «23 տարեկան եմ ու արդեն 21 տղա ունեմ»
Համեստ, լռակյաց, խոհուն և բարի...։ Այս բառերով են ընկերներն ու հարազատները բնութագրում Արցախյան վերջին պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանին։
«Ինքը ծառայությունն ամեն ինչից շատ էր սիրում։ Իր համազգեստը, իր գործը, իր զինվորներին։ Բանակն ու ծառայությունն իր համար առաջնային դեր ունեին»,- որդու մասին թախծոտ ժպիտով պատմում է մայրը՝ տիկին Նաիրան։
Մոր խոսքով, տղան 10-րդ դասարանում որոշել է՝ սպա է դառնալու, և հենց այդ տարիքից էլ սկսել է կերտել իր ուղին՝ թողնելով սպորտն ու այդ աշխարհում սպասվելիք հաջողությունները։
«Ինքը բռնցքամարտով էր զբաղվում, տարբեր մրցումների է մասնակցել...։ Առաջին տեղեր էր գրավում ու մեդալներով հետ գալիս։ Բայց, չգիտես ինչու, մի օր հիասթափվեց։ Իսկ արդեն 10-րդ դասարանում եկավ ու ասաց, որ գնում է ռազմական վարժարան։ Հայրը համաձայն չէր, բայց ես ասացի՝ եթե ուզում է, թող գնա, որ վաղը չստացվի՝ մեր պատճառով ինքն իր երազանքը բաց թողեց։ Գնաց, երեք տարի սովորեց Տիգրան Մեծ վարժարանում, հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեց։ Ինքը շատ բարձր առաջադիմություն ուներ, վերջում էլ որոշեց՝ հետախույզ է լինելու»,- արցունքները խեղդելով պատմեց մայրը, ապա հավելեց՝ համալսարանն ավարտելուց հետո որդին չի մասնակցել վիճակահանության, այլ խնդրել է իրեն առաջնագիծ տանել։
Տիկին Նաիրան նաև մորը հատուկ հպարտությամբ նշեց՝ նախքան պատերազմի սկսվելը հրամանատարությունը որոշել էր երկու տարվա ծառայող որդուն ժամանակից շուտ կապիտանի կոչման ներկայացնել։
«Ինքն այնքա՜ն էր սիրում իր մասնագիտությունը..., շատ էր ուզում առաջ գնալ։ Անգամ երբ արձակուրդ էր գալիս, օրերն ու րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է գնա։ Հենց առաջին օրվանից իր իրերը հավաքում էր, ասում էր՝ կարող է գիշերը գնամ, կամ վաղը գնամ»,- ասաց մայրը։
Եվ հենց նույն՝ Եղնիկներ հասնելու անհամբերությամբ՝ հայրական տան դուռը ավագ լեյտենանտ Եղոյանը վերջին անգամ փակել էր սեպտեմբեր 5-ին։
Ապագայի հետ կապված ծրագրերից քչերն է Արտյոմ Եղոյանը բարձրաձայնել։ Բայց միշտ ընտանիքի անդամներին ասել է, որ տասը տարի ծառայելուց հետո ուսումը շարունակելու է Քննչականում, որ զինվորական քննիչ դառնա։
Տիկին Նաիրայի բնորոշմամբ՝ հեռուն նայող, խոհուն հայացքով որդին լռում էր՝ ինչի մասին է մտածում։
«Ինքը միշտ լուռ էր։ Քիչ էր խոսում։ Գործի մասին բացարձակ չէր խոսում, բայց իր զինվորների մասին հիացմունքով պատմում էր։ Շատ-շատ էր սիրում իր զինվորներին, միշտ մեզ ասում էր՝ տեսե՛ք, 23 տարեկան եմ ու արդեն 21 տղա ունեմ։ Ասում էր ու ծիծաղում...։ Եվ, եթե հանկարծ մեր մոտ էր լինում, ու զինվորներից մեկը զանգում էր, քթի տակ ծիծաղելով ասում էր՝ տղաս է զանգել»,- որդու ժպիտը հիշելով՝ փոքր-ինչ խաղաղված ասաց տիկին Նաիրան։
Պատերազմի օրերին Արտյոմ Եղոյանը ընտանիքի անդամների հետ մեկ անգամ է խոսել։ Սեպտեմբերի 26-ին զանգել և հոր ծնունդն է շնորհավորել, իսկ հաջորդ օրը բացարձակ չի զանգել։
«Սեպտեմբերի 27-ին ամբողջ օրը սպասեցինք, անհանգիստ էինք, անընդհատ զանգում էինք, բայց անհասանելի էր։ Իսկ 28 լույս 29-ի գիշերը ժամը 3-ին զանգեց հորը, ասաց՝ ինքը հրամանատարի հետ տեղ է գնում, գա ու կզանգի։ Ու դա վերջին զանգը եղավ»,- լացից խեղդվող ձայնով ասաց մայրը։
Սեպտեմբերի 29-ին 23-ամյա սպան զոհվում է։ Ընտանիքը որդու զոհվելու մասին տեղեկանում է հոկտեմբերի 3-ին։
«Մենք անգամ չէինք էլ մտածում, որ Արտյոմին գնդակ կդիպչի։ Իրեն լուսան էին կոչում՝ այնքան արագաշարժ ու ճկուն էր...։ Բայց սկսեց չզանգել։ Եղբայրն արդեն շատ էր անհանգստանում, տանը մի հին հեռախոս կար, որի մեջ Արտյոմի ծառայակից ընկերների համարներից էլ կային։ Դա գտավ, միացրեց ու սկսեց զանգել տարբեր մարդկանց, որ իմանա՝ եղբայրն ուր է, ինչու չի զանգում։ Մի քանիսը չպատասխանեցին, մեկն ասաց, որ վիրավոր է, իսկ մեկ ուրիշն էլ միանգամից ասաց՝ Եղոյանին խփել են։ Արդեն հոկտեմբերի 3-ն էր»,- ցավից ատամները սեղմելով ասաց սպայի մայրը։
Լուրն առնելուն պես Արտյոմ Եղոյանի հարազատները սկսում են Հայաստանի բոլոր հիվանդանոցներում և դիահերձարաններում փնտրել նրան. հոկտեմբերի 7-ին տղայի մարմինը գտնում են Գորիսից։
«Երբ իմանում է, որ Արտյոմին խփել են, մտերիմ ընկերը՝ Տիգրան Միկոյանը, իր պոստից վազելով գնում է օգնություն ցույց տալու, հասնում է նրան, գրկում, որ բարձրացնի, նույն սնայպերն արդեն իրեն է խփում։ Իրար փաթաթված ընկնում են»,- կարծես այդ պահն աչքի առաջ պատկերելով ասաց տիկին Նաիրան։
Ծառայակից ընկերներն անկեղծանում են՝ եթե չլիներ Արտյոմ Եղոյանը, գուցե հիմա իրենք ևս ողջ չլինեին։
«Ամսի 29-ին, ժամը երեքի կողմերը հակառակորդի հրետանին սկսեց մեր դիրքի վրա աշխատել։ Արտյոմ Եղոյանն ու ես խրամաբջջում էինք։ Մի պահ ձայները լռեցին, Եղոյանը հանդարտ ձայնով ասաց՝ գալիս են...։ Տեսնելով, որ թշնամին մոտենում է, մի քանի դիվերսանտ էլ արդեն խրամատում է, Եղոյանը միանգամից «ПК»-ով կրակ վարեց, անձնակազմին հրահանգավորեց ու որոշեց մենակ ներքև գնալ։ Հենց այդ ժամանակ էլ թշնամու դիպուկահարի կրակից զոհվեց»,- վերապրելով պատերազմական օրերի դառնությունը՝ պատմեց Արտյոմ Եղոյանի ծառայակից ընկերներից սերժանտ Հմայակ Ուստյանը։
Այլ մանրամասներ նա չներկայացրեց՝ ցավալի էր հիշելը։
Արտյոմ Եղոյանի զինակից ընկերներից մեկն էլ՝ Միքայել Մուրադյանը, մեզ հետ զրույցում նշեց՝ Եղոյանը և՛ հրամանատար էր, և՛ սատար կանգնող, օգնող ընկեր։
«Դեռ Շամշադինի դեպքերի ժամանակ՝ հուլիսի 14-ին տագնապ տվեցին, մենք նույն դիրքում էինք։ Ու այդ նախապատերազմական ժամանակում էլ էր նա շատ հանգիստ, չէր թողնում, որ լարվածություն լինի։ Անգամ նորակոչիկներին էր ամեն բանի պատրաստում։ Ինքը ոգևորում էր մեզ. բոլորը պատրաստ էին արյան գնով դիրքը պահելուն»,- ասաց նա, ապա հավելեց՝ Եղոյանն ամեն ինչ թաքցնում էր ժպիտի հետևում։
Ըստ զինակից ընկերոջ, ավագ լեյտենանտ Եղոյանն ամեն հարցում իրենց կողքին է եղել, անգամ օգնել է զորանոցն արագ հավաքել ու կարգի բերել։ Բայց, իր համար ամենատպավորիչն այն է եղել, երբ 10 կմ վազքի ժամանակ ինքը չի կարողացել շարունակել, Արտյոմ Եղոյանը բռնել է իր ձեռքից և քաշել, որպեսզի զինվորը կարողանա հասնել վերջնակետին։
«Հիշում եմ նաև, որ ստուգողներ պետք է գային մեր գումարտակ, և հենց մեր զորանոցում թափթփված վիճակ էր։ Եղոյանը իմ և մեկ այլ զինվորի հետ 20 րոպեում այնպես կարգի բերեց ամեն ինչ, որ բոլորը գոհ մնացին»,- ժպիտով հիշեց նա։
Միքայել Մուրադյանը պատմեց նաև, որ ինքը գումարտակի դիտակետի պատերին միշտ գրել է. «Սա էլ կանցնի», իսկ ավագ լեյտենանտ Եղոյանը, տեսնելուն պես ջնջել է այդ գրառումները։
«Մի օր ինձ ասաց՝ Միքո՛, իմացի՛, երբեք ու ոչինչ չի անցնում...։ Հիմա իր ասածը հասկանում եմ։ Հենց ինքը մեր մեջ է, ես ծառայությունս ավարտել եմ, բայց ծառայությունից հետ չեմ եկել։ Իր՝ իմ հոգում ու մտքում լինելը թույլ չի տալիս, որ հետ գամ ծառայությունից»,- դառնացած ասաց Արտյոմ Եղոյանի ծառայակից ընկերը։
Արտյոմ Արշակի Եղոյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության համար ներկայացվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, որը դեռ չի հասել իր ընտանքին. Եղնիկների հրամանատար Կարեն Ջավալյանը (Քյոխ) որոշել է այն անձամբ տանել և հանձնել ավագ լեյտենանտի ծնողներին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊԲ-ն ներկայացնում է արցախյան պատերազմի հերոսական դրվագներ
- «Իմ հերոսը հայ զինվորն է»
- «Ճանաչենք մեր հերոսներին»․Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան