2-րդ կարգի հաշմանդամ դարձած մարտական ընկերոջս Արցախից ասում են, որ մեր հետ չի կռվել.Կամավոր
«Սեպտեմբերի 27-ին ժամը 12-ին շարժվեցինք դեպի Արցախ և ռազմական գործողություններին իմ անմիջական մասնակցությունն ավարտվեց հոկտեմբերի 21-ի գիշերը, երբ Ամարասի եկեղեցական համալիրի մոտ մեր վերջին հրանոթին ԱԹՍ-ով հարվածեցին»,-panorama.am-ի հետ զրույցում հայտնեց 23 ամյա կամավոր Տիգրան Դանիելյանը: Նա պատերազմի բոթը լսելուց անմիջապես հետո կամավորագրվել էր, որից հետո իր տուն էին տարել նաև արդեն պաշտոնական ծանուցումը:
Տիգրանի պատմելով, պատերազմի մեկնարկից իրենց հրանոթային վաշտի 65 զինծառայողով և 6 հրանոթով մասնակցել են հարավային ուղղության հիմնական ռազմական գործողություններին: Թշնամին ԱԹՍ-ներով է միայն կարողացել շարքից հանել իրենց հրանոթները, քանի որ ազերի հրետանավորների արկերը նշանակետերից շատ հեռու էին ընկնում՝ հաշվարկներին չտիրապետելու պատճառով: Վերջին հենակետ՝ Ամարասի վանական համալիր էին հասել 1 հրանոթով և 25 զինծառայողով: Հոկտերմերի 21-ին ԱԹՍ-ով վերջին հրանոթին հարվածելու ժամանակ նրանցից զոհվել են ևս 7 հրետանավոր և 9-ը՝ վիրավորվել:
Տեղեկացնելով, որ վերջում ամբողջ վաշտից մանցել էին 9 հոգի՝ Տիգրանը պատմեց. «Մենք հանդիպեցինք անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով գնդի հրամանատարի տեղակալին, որը հայտնեց, որ փաստացի ռազմական գործողությունների չենք կարող մասնակցել, քանի որ տեխնիկան խփված էր, հրամանատարը վիրավոր, նրա տեղակալը զոհվել էր: Մեզ տեղափոխեցին մի գյուղ, որտեղ մեր նման զինվորներ էին, որոնց ռազմական տեխնիկաները նույնպես ոչնչացվել էր թշնամու կողմից: Նրանց մեջ կային նաև այնպիսինները, որոնք պատերազմի հետևանքով հոգեբանական ծանր վիճակում էին հայտնվել»:
Շարունակելով ներկայացնել պատմությունը՝ կամավորը հայտնեց, որ մի քանի օր թիկունքային գործողությունների է մասնակցել, այնուհետև արձակուրդ վերցրել և վերադարձել տուն: Հայաստանում արդեն տեղեկացել է ՈՄԱ հասարակական կազմակերպության նախաձեռնած մարզումների մասին և սկսել է մասնակցել պարապմունքներին, որի ժամանակ պատրաստում էին հետևակի մարտիկներ:
«Ես 2016 թվականի ապրիլյան պատերազմում և այդ տարիների ծառայության ընթացքում եղել եմ հրետանավոր: Այս պատերազմում նույնպես հրետանավոր եմ եղել և հետևակի գործողություններից ընդհանրապես տեղեկություն չունեի: Չգիտեի զենք բռնելու ձևը, որ այն այնպես պահես, որ կրծքավանդակի խոցելի տեղերը փակվի, չգիտեի նաև առաջին բուժօգնության կանոնները: Պատերազմի ժամանակ էլ դեպք եղավ, երբ մեր վաշտի ՄՈԲ-ի Արամը իմ ձեռքերի մեջ հոգին էր տալիս, չգիտեի ինչպես առաջին բուժօգնությունը ցույց տամ: Ընդհանարպես պատկերացում չունեինք, շորերը պատռել եմ, թևերի ոսկորները փշրված էին, չգիտեի որ կողմ թեքել մարմինը, հրամանատարին էի հարցնում, ինքն էլ էր վիրավորված...»,- վերհիշելով ծանր իրավիճակները՝ ներկայացնում է Տիգրանը:
Նա հայտնեց, որ Հայաստանից զանգել է իր մարտկոցի հրամանատարին և տեղյակ պահել, որ վերապատրաստման հնարավորություն կա, ցանկանում է մասնակցել դրանց՝ առավել ևս, որ իրենց վաշտն ազատված է ռազմական գործողություններից: Հայտնել է, որ ուզում է հետևակի մարտարվեստին տիրապետի ու շարունակի պատերազմը ոչ թե հրետանում այլ հետևակում, քանի որ արդեն հրանոթներ էլ չունեին:
Տիգրանը հայտնեց, որ Հայաստանում գտնվելու 10 օրերի ընթացքում, մինչև նոյեմբերի 9-ի հրադադարը, ՈՄԱ-ում անցել է մարտական պատրաստությունը՝ առաջին բուժօգնություն, մարտավարություն և այլն:
«Այդ ընթացքում միշտ կապի մեջ եմ եղել իմ ծառայակիցների հետ, նույնիսկ հրադադարից հետո Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերում երբ կրակոցներ եղան, հետաքրքրվեցի, թե արդյոք անհրաժեշտություն կա վերադառնալ Արցախ, բայց այդպես էլ կարիք չեղավ»,-հայտնեց Տիգրանը:
Նրա ասելով, տեղյակ չեն եղել, որ իրենց պետք է վճարեին ռազմական գործողություններին մասնակցելու համար և երբ տեղեկացել են՝ մարտական ընկերներով իրենց անձնագրի տվյալներն ուղարկել են զորամաս:
«Ուշացումով՝ հունվարի կեսերին մեզ փոխանցեցին մեր գումարները և ես զարմանքով պարզեցի, որ իմ հաշվին փոխանցվել է նախատեսված գումարի կեսը: Մեր ստորաբաժանումից ամենաքիչը ես եմ ստացել, այն դեպքում, երբ ինձնից շատ ավելի շուտ Հայաստան վերադարձածներ կային և նրանք կրկնակի ավել էին վճարվել: ֆինանսիստը հեռախոսով հայտնեց, որ ես մյուսներից շուտ եմ լքել Արցախը և չեմ վերադարձել: Իմ հարցը մի փոքր մեղմ է: Մեր մարտական ընկերներից մեկը՝ Դավոն, որը հոկտեմբերի 12-ին վիրավորվել էր և երկրորդ կարգի հաշմանդամ դարձել, զանգահարել էր, որ գումարը փոխանցեն՝ ասել են, որ վերջինս իրենց մոտ չի եղել: Զինվորներից մյուսը նախորդ օրն է միայն հիվանդանոցից դուրս եկել և փորձել գումարը ստանալ, այն չի եղել իր հաշվին: Արցախից ասել են, որ տվյալներն թող ուղարկի՝ կճշտեն»,- ներկայացրեց կամավորը:
Տիգրանը տեղեկացրեց, որ իրեն ասել են, որ Արցախ չվերադառնալը զորամասը ինքնակամ լքել է նշանակում, դրա համար էլ քիչ են վճարել:
«Ես կարող եմ ընդունել փաստաթղթի իրավական կողմը, բայց մարդկայնորեն չեմ կարող հասկանալ նման վերաբերմունքը և պատրաստվում եմ դատարանում բողոքարկել այդ որոշումը: Վիրավորված եմ նման վերաբերմունքից: Եթե պատերազմից խուսափող լինեի՝ կամավոր չէի գնա և մինչև վերջին հրանոթի խփելը չէի կռվի, շատերի նման ավելի շուտ կարող էի վերադառնալ Հայաստան, չգնայի վերապատրաստման, որ որպես հետևակ վերադառնամ Արցախ»,- վրդովված նկատում է կամավորը և շեշտում, որ չի կարող ընդունել զորամասն ինքնակամ լքելու այդ հիմնավորումը, որը վիրավորում է իր ինքնասիրությունը հայրենիքին իր նման նվիրումով ծառայելուց հետո: Նա շեշտում է, որ անթուլատրելի է պետության , բանակի նման վերաբերմունքը զինվորնեի նկատմամբ։
«Հարցը գումարը չէ, ուղղակի պետության վերաբերմունքն է վիրավորական: Վիրավոր ընկերոջս համար էլ ենք բողոքելու: Բոլոր նկարներում երևում է, որ նա մեր հետ է եղել, ինչպե՞ս եք ասում որ այդտեղ չի եղել: Այստեղ խնդիրն արդարության վերականգնումն է, որ ես ամեն ինչ արել եմ՝ կռվել եմ անվերապահ՝ մինչև վերջին հրանոթը, գնացել եմ վերապատրաստման… Ինձ ասում էին, թե իմ ռազմական մասնագիտացմամբ արդեն կռվել եմ, ինչու եմ նորից գնում վերապատրաստման, թող բանակից փախածներին տանեն վերապատրաստեն»,- եզրափակեց Տգրան Դանիելյանը և շեշտեց, որ չի տանելու այդ անարգանքը, հասնելու է արդարության՝ առաջին հերթին իր ապագա զավակների առաջ պարզ ճակատով կանգնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան