Մայոր Ցոլակյանը հաղթեց մահին ու մտածում է հզորանալու մասին
Պատերազմի թեժ օրերին Հադրութում ոտքերի, ողնաշարի հատվածում վնասվածքներ ստացած ու անգիտակից վիճակում չորս օր թշնամու թիկունքում մնացած մայոր Գուժ Ցոլակյանն ապաքինվել է, արդեն կարողանում է քայլել։
Այսօր ընկերների հետ Եռաբլուրում էր։ Ասում է՝ զինվորական պանթեոնում ամփոփվածները՝ ծանոթ, թե անծանոթ, հարազատ դարձած մարդիկ են։ Նրանց շիրիմների առաջ խոնարհվել է, ծաղիկ դրել, խունկ ծխել։ Առանց բարևելու անցնել չի լինում։
Պատերազմի առաջին օրից սկսած նա հրապարակում էր անմահացած ընկերների, հրամանատարների, զինվորների լուսանկարները։ Ցավոք, նրանք շատ էին։
«Ինձ իջեցրեցիր բարձունքից, բայց ինքդ մնացիր բարձունքում...Աստված հոգիդ լուսավորի, անմահ հերոս... Պատիվ ունեմ...»,- ծնունդով Գորիսից գնդապետ Ավագյանի մասին գրել էր նա։
Եռաբլուրում այսօր Ցոլակյանը երկար կանգ առավ իր տեղակալի՝ Դավիթ Նազարյանի շիրիմի առաջ։
«Ինքն իմ ընկերն է։ Գումարտակի հրամանատար էր, զոհվեց մեկ այլ ուղղությամբ։ Այստեղ բոլորն իմ ընկերներն են, իմ նախկին զինվորներն են։ Հավատացեք, բոլորը հարազատ են։ Չես կարողանում որևէ մեկի կողքով անտարբեր անցնել։ Նույնիսկ այն մարդկանց, որոնց կենդանության օրոք չես ճանաչել։ Կանգնել եմ, նրանց հետ զրուցել եմ։ Նրանք հենց այնպես չեն զոհվել։ Մենք պարտավոր ենք իրենց գործն արժևորել, շարունակել։ Իրենց հերոսությունների մասին փոքրուց պետք է պատմենք մեր երեխաներին, այդ հերոսությունները սերմանենք նրանց մեջ՝ անկախ սեռից։ Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ հաղթանակներ տանելու ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Գուժ Ցոլակյանը։
Այս տարի բանակի տոնին մտքերն ու զգացմունքները հակասական են, հախուռն։
«Այդ սրբավայրն այսօր մեզ պարտավորեցնում է։ Մենք իրավունք չունենք այսպես լինել՝ մեջքներս կոտրված ասեմ, հուսալքված ասեմ, ընկճված ասեմ։ Մենք դրա իրավունքը չունենք։ Հակառակը պետք է անենք, հենց այստեղի տղաների ու մեր երեխաների համար, ինքներս մեզ ու աշխարհի համար, որ մեր բանակը կրկին անպարտելի դարձնենք, նրա անունը բարձր պահենք։ Մենք ուղղակի ուրիշ տարբերակ չունենք»,- ասում է մայորը՝ ընդգծելով, որ բանակն այսօր շատերի ու հատկապես հասարակության օգնության կարիքն ունի՝ նորովի կառուցվելու ու վերակառուցվելու համար։
Տասը տարուց ավելի սահմանի տարբեր հատվածներում մարտական ծառայություն իրականացրած, ապա Չինաստանի Նանկինի ցամաքային զորքերի հրամանատարական ակադեմիան ավարտած սպա Գուժ Ցոլակյանը, թողնելով ռազմական բուհի դասախոսական ցուցափայտը, շտապել էր առաջնագիծ ու ստանձնել պահեստազորային գումարտակներից մեկի հրամանատարությունը։
Վիրավորումից հետո գիտակցության գալուց անմիջապես հետո Ցոլակյանի մտքում ոչ ընտանիքն էր, ոչ երկուամյա դուստրը, ոչ էլ իր անձը։ Մտածում էր հանուն հայրենիքի իր կողքին պայքարող տղաների մասին. ովքե՞ր զոհվեցին, ովքե՞ր վիրավորվեցին, ո՞ւմ հաջողվեց ողջ մնալ։ Ավա՜ղ, զոհեր էլ եղան, վիրավորներ էլ։ Եռաբլուրում այսօր նրանց նաև խոստումներ տվեց։
«Հոկտեմբերի 15-ին վիրավորվեցի։ Հադրութ քաղաք չհասած բարձունքներ կան։ Հակառակորդի մեծ ուժերի կուտակում կար։ Իմ հրամանատարությամբ մոբիլիզացիոն ուժերն էին։ Իրավիճակը գնալով սրվում էր, ինտենսիվ մարտական գործողություններ էին ընթանում։ Ես իմ անձնակազմի հետ շարժվեցի դեպի այդ ուղղությամբ, գործողությունների ընթացքում վիրավորվեցի։ Մինչ այդ, կրակն իմ վրա վերցնելով, անձնակազմին հնարավորություն է տրվել դուրս գալ, միանան այլ թևերի անձնակազմերին, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը թույլ չտան։ Որոշ ժամանակ անց գիտակցությունս կորցրել եմ, արթնացել եմ արդեն շրջափակման մեջ՝ փաստացի հակառակորդի թիկունքում։ Համարյա չորս օր գտնվել եմ թիկունքում, լեռնային, անտառային տարածք էր։ Չորրորդ օրը կարողացա դուրս գալ մեր թիկունք»,- պատմում է հրամանատարը։
Մի քանի ամսվա հեռավորությունից նայելով այդ օրերին՝ Ցոլակյանը դժվարանում է հավատել, որ այդ ամենն իր հետ է տեղի ունեցել։ Հույսն առաջին հերթին Աստվածն էր, որին դիմում էր աղոթքներով, ապա սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։
«Հիմա որ հետ եմ նայում, դժվարանում եմ հավատալ, որ իմ կյանքում նման բան է եղել։ Բարդ զգացողություններ են։ Կարևորն այն է, որ հաղթահարեցի։ Հիմա կուրսանտներիս մեջ փորձում եմ սերմանել, որ պետք ունենան կամային բարձր որակներ։ Եթե կոտրվեցիր, հուսահատվեցիր, ավարտը տխուր է լինում։ Ցանկացած իրավիճակում պետք է կողմնորոշվել, գիտակցել ու փորձել ելքեր գտնել։ Ես այդ իրավիճակում ելք գտա, ինձ մոտ ստացվեց՝ փրկվել, երբ իմ ընկերները մտածում էին, որ մյուսների հետ ես էլ եմ զոհվել։ Նաև Աստծո կամոք ստացվեց»,- ասում է մայորը։
Տոներից հետո նա արդեն արդեն աշխատանքի է գնում։ Լսարան մտնելու առաջին օրը դժվար էր։ Պատերազմը ստիպել է նրան խմբագրել ու վերանայել ոչ միայն մտքերը, այլև ապագա զինվորականներին փոխանցվող գիտելիքներն ու հմտությունները։
«Հիմա առավել քան երբևէ պետք է լինենք ավելի արագ, եռանդուն, նվիրված, որպեսզի կարողանանք պատրաստվել հաջորդ պատերազմին։ Գիտեք, կուրսանտներին այնքան ասելիք կա, թե խորհրդի կարգով, ընդհանուր՝ սկսած մարդկային որակներից։ Ես ասում եմ, հիմա պետք է ավելի շատ հայրենանվեր ու հայրենապաշտ լինել, քանի որ հայրենասեր լինելը հիմա քիչ է։ Պետք է հայրանեապաշտություն, գործին նվիրում։ Դա թող սկսվի ընտանիքից, ընկերներից, հայրենիքից, պետությունից, պետք է անմնացորդ նվիրում, եթե ուզում ենք մեր երեխաների ապագան լինի այն Հայաստանում, որ բոլորս ենք ուզում»,- ասում է նա։
Զինվորականի միակ զավակն այս պահին երկուամյա Սոսեն է։ Մտադիր է անպայման որդի ունենալ, որին չի արգելի զինվորական դառնալ։ Ասում է՝ նրան էլ կդաստիարակի այնպես, ինչպես կուրսանտներին։
«Ցավը պետք է հաղթահարել ու հզորանալ, ոտքի կանգնել։ Գիտե՞ք, հողերի կորուստը, ընկերների կորուստը, մեկը մյուսից մեծ ցավ են պատճառում, նույնիսկ երբեմն խելագարության հասցնում։ Պարտությունն ինձ համար չափազանց ծանր էր։ Հաճախ ես մտածում էի, լավ կլիներ, եթե ընկերներիս, զինվորներիս հետ մնայի այնտեղ։ Բայց հիմա ասում եմ՝ փառք աստծո, ողջ եմ, կարողանում եմ աշխատել, մտածել... Հիմա այլ կերպ եմ վերաբերվում գրեթե ամեն ինչին, մենք պետք է առավել ուժեղ ու պատրաստված լինենք, ամեն օր պետք է ուժեղացնենք մեր բանակը, պրոֆեսիոնալիզմը բարձրացնենք, կատարելագործենք, որպեսզի նման մութ ու սև էջեր չունենանք»,-ասում է մայոր Ցոլակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան